Հայոց Եղեռնը
Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը
Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումն անվանում են Հայոց ցեղասպանություն:
Այդ կոտորածները ծրագրվեցին և կազմակերպվեցին Օսմանյան կայսրությունում երիտթուրքերի, իսկ հետագայում ավարտին հասցվեցին քեմալական կառավարության կողմից:
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:
Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին երիտթուրքերի կառավարությունը, ջանալով պահպանել քայքայվող Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի և ազգային միատարր քաղաքականությունը: Այն ծրագրում էր հսկայածավալ մի կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչև Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր քրիստոնյա ու իսլամացված և այլ փոքրամասնությունների թրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր հիմնական խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:
1908 թ. երիտթուրքերի հեղափոխության արդյունքում վերականգնված Սահմանադրությունը հավասար իրավունքներ էր սահմանել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին: Հայերը ոգևորությամբ ընդունեցին այս հնարավորությունը, սակայն նախկինում իրավազուրկ հպատակների կարգավիճակի հնարավոր փոփոխությունն էլ ավելի մեծացրեց թուրքերի թշնամանքը քրիստոնյաների հանդեպ: Այդ թշնամանքը ձևավորվել էր վաղուց, քանի որ նույնիսկ իրավազուրկ պայմաններում կայսրության հայ բնակչությունը աննախադեպ հասարակական, մշակութային և տնտեսական զարգացում էր ապահովում: Ցեղասպանությունը միջոց էր կասեցնելու այդ վերելքն ու ազգային առաջադիմությունը, ինչպես նաև տիրանալու տասնամյակների աշխատանքով ստեղծված հայկական հարստությանը: Թեև Հայոց ցեղասպանությունը ծրագրվել էր դեռևս 1910-1911 թվականներին Սալոնիկում տեղի ունեցած ժողովների ընթացքում, սակայն երիտթուրքերն այն իրականացնելու համար որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմը:
Որքա՞ն մարդ նահատակվեց Հայոց ցեղասպանության ընթացքում
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր երկու միլիոնից ավելի հայ: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:
Ցեղասպանության իրագործման կառուցակարգը
Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետևաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագիր և դրա իրագործման ներքին կառուցակարգ(մեխանիզմ), ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն. միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:
Հայոց ցեղասպանության իրագործման առաջին փուլը մոտ 60.000-100.000 հայ տղամարդկանց զորակոչն էր օսմանյան բանակ, նրանց զինաթափումն ու սպանությունը թուրք զինակիցների կողմից: 1915թ. ապրիլի 24-ին սկսված ձերբակալությունը (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) և դրան հետևած գավառային հարյուրավոր հայ մտավորականների ու ազգային ընտրանու ոչնչացումը հայ բնակչության բնաջնջման երկրորդ փուլն էր: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:
Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի տեղահանությամբ ու ջարդերով, դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուրհազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի ու տեղի բնակչության կողմից, մյուսները մեռան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի կերպով հավատափոխ եղան` դառնալով մուսուլման:
Հայոց ցեղասպանության վերջին փուլը իր իսկ հայրենիքում կատարված հայ ժողովրդի ցեղասպանության համընդհանուր և բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունա¬կում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, պատմության նենգափոխման, հակահայ քարոզչության, քաղաքական և տնտեսական, լոբբինգի և այլ միջոցներով:
Add new comment