«Հրապարակ». Իրենք միլիոններ են ստանում, սահման պահողին 180 հազար դրամ են տալիս
Առաջնագծի որոշ հատվածներում, որոնք ձեւավորվել են Արցախի կորստից հետո, այդպես էլ նորմալ պաշտպանական գիծ չի ձեւավորվել, մեծամասամբ ինժեներական կառույցներ էլ չկան՝ «Հրապարակի» հետ զրույցում պատմում է սեպտեմբերյան 25-օրյա հավաքների մասնակիցը, որը հավաքների ընթացքում եղել է Գորիսի սահմանային հատվածում։
Մեր զրուցակիցը չի ցանկանում անունը հրապարակել, բայց մանրամասն պատմում է տեսածը։ Ասում է, որ նախկինում այդ հատվածում առաջնագիծ չի եղել, հիմա թեեւ խրամատ է փորվել, բայց անգամ խրամատում՝ հակառակորդին լիովին տեսանելի են զինծառայողները։
«Մեր ամբողջ տեղաշարժն իրենց տեսանելի է, անգամ ճանապարհը, որով անցնում ենք՝ դիրք բարձրանալու համար, վերահսկելի է։ Եթե գործողություններ լինեն, օգնության եկող մեքենան էլ նույն ճանապարհով է անցնելու, կարող են խփել, ու դրա համար դրոն էլ պետք չէ։ Դեռ լավ է, որ այս պահին կրակոցներ ու գործողություններ չկան, եթե լինեն, խնդիր է լինելու։ Միակ բանը, որ մխիթարում է՝ իրենք էլ մեզ համար են տեսանելի։ Ես ժամկետային ծառայությունս տարիներ առաջ Հադրութում եմ անցկացրել։ Եթե համեմատենք Հադրութն ու Գորիսը առաջնագծի կահավորվածությամբ՝ սար ու ձորերի տարբերություն է։ Քաղաքական ղեկավարներից մարդիկ կան, ասում են՝ նախկիններն առաջնագիծը կահավորում էին «բանկա-բութուլկեքով», ճիշտ է՝ հիմա տեսախցիկներ կան, բայց հիմա էլ, երբ մառախուղ է, այդ տեսախցիկների արդյունավետությունը զրո է։ Հույսն էլի զինվորի զգոնության վրա է, այնպես որ, իրենց ասած՝ «բանկա-բութուլկեքն ու անիվները» հիմա էլ կարող են առաջնագծում պետք լինել։ Բայց սա դեռ ամենը չէ, զինվորին կասկա, բրոնեժիլետ են տալիս, որոնք չափազանց ծանր են։ Խաղաղ պայմաններում դեռ տանելի է, բայց պատերազմական գործողությունների դեպքում զինվորը դրանք ամիսներով կրելու է, ուստի դրանք պիտի թեթեւ լինեն ու հարմարավետ։ Կան ամերիկյան, եվրոպական արտադրության, որոնք կրելու համար բավական լավն են ու հարմար։ Եթե մեզ մոտ են արտադրում, պիտի լավն արտադրեն, ոչ թե այնքան, որ մի բան արած լինելու համար»,- պատմում է մեր զրուցակիցը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Add new comment