Submitted by H.Aslanyan on
Միրզոյան

Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Անհայտ կորած անձանց հարցում առաջնային կարևորություն ունի Ադրբեջանի հետ համագործակցությունը։ Այս մասին «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն» խորագրով միջազգային համաժողովին իր ելույթում նշել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը։

«Առաջնային կարևորություն ունի նաև Ադրբեջանի հետ մեր համապատասխան մարմինների և ընտանիքների անդամների սերտ համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանում անհայտ կորած անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ մեր պետական ինստիտուտների հետ համագործակցությունը»,– նշել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում շուրջ 1000 անձ շարունակում է համարվել անհայտ կորած կամ բռնի անհետացած։ Նրանք անհետացել են 1990-ականների, 2020 թվականի և հետագա ռազմական գործողությունների հետևանքով։

Միրզոյանն ընդգծել է, որ անհայտ կորածների ճակատագրի պարզաբանումը պահանջում է հակամարտության կողմերի համագործակցություն, տեղեկատվության փոխանակում, որոնողական և նույնականացման աշխատանքներ։

Նա տեղեկացրել է, որ այս տարվա մայիսին ուժի մեջ է մտել ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում անհայտ կորած անձանց մասին օրենքը։ Հայաստանում գործում է նաև գերիների, պատանդների և անհայտ կորած կամ գտնվելու վայրն անհայտ անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։

Նախարարի խոսքով՝ կարևոր է նաև զարգացնել դատափորձագիտական նույնականացման կարողությունները, կիրառել նոր տեխնոլոգիաներ և ամրապնդել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը։

Միրզոյանն անդրադարձել է նաև անհայտ կորածների ընտանիքների խնդիրներին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նրանց կրած հոգեբանական, սոցիալական և տնտեսական հետևանքներին։

Add new comment