Submitted by H.Aslanyan on
Ալեն

Մեղավորը դեբիլ ֆիլմերն են ու «ստուկաչ» չլինելու բարքերը. Ալեն Սիմոնյանը՝ բանակում մահերի մասին

Անվտանգության խորհրդում քննարկվել է բանակում մահերի հարցը, այդ հարցը օրակարգում դրվել է իմ և պաշտպանության նախարարության կողմից։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը։

«Քայլեր են ձեռնարկվում, փոփոխություններ են տեղի ունենում, որպեսզի նման բաները բացառենք։ Դա ամենամեծ և ամենացավալի խնդիրն է, որի հետ մենք բանակում այսօր առնչվում ենք, որի արմատները տանում են մեր հասարակության նիստուկացին, մեր, այսպես ասած, բարձր մշակույթի արատներին, պետք է հասարակության այդ վատ բարքերը կանխվեն, զսպվեն, դա հասարակության հայելին է»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ արդյոք այդտեղ չկա սպայական կազմի մեղքը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.

«Իսկ քանի՞ դեպք կա, որ սպայական կազմը կանխել է, բայց երբ ենթադրենք երեք-չորս հոգով գնում են պոստ, պոստում կանգնած տեղում մեկը հոգնածության պատճառով քնում է, հետո արթնանում է ու իր հետի եղած երիտասարդները սկսում են բուլինգի ենթարկել։ Դա գալիս է փողոցային այն դեբիլ ֆիլմերից, որոնց դեմ ես պայքարում եմ, այդ արժեքների պատճառով է այսպես լինում նաև։

Պարզ է, որ հիմա չի կարող պետությունը ասել՝ մենք բանակի հետ որևիցե կապ չունենք, բայց միևնույն ժամանակ պարզ է, որ տասնամյակներ շարունակ ձևավորված մշակույթը, էդ «լավ տղա» լինելը շատ խորը նստացվել է մեր երիտասարդների, մեր մարդկանց ուղեղների մեջ։

Դրա համար, երբ տանկի միջից դիզելը գողացել են, գնալ ասել, որ մեր տանկի մեջ դիզել չկա, դա «ստուկաչություն» է եղել, բայց երբ պատերազմը սկսել է և տանկը խոդի չի ընկել, դա դարձել է խնդիր։ Հիմա «ստուկաչությո՞ւն» է գնալ ասել, որ այս զինվորին այն վիճակի են հասցնում, որ այդ երեխան կարող է ինքնասպանություն գործել, թե՞ ստուկաչություն չի։ Հիմա մեր հեռուստադիտողները նայում են, թող մի հատ իրենք իրենց այդ հարցը տան, ասեն՝ հիմա մենք ի՞նչ ձևի երեխա ենք դաստիարակում, կամ մեր երեխաները, որոնք բակում նման բանի մեջ են ապրում, հետո ի՞նչ է լինելու», - ասաց Ալեն Սիմոնյանը։

 

Add new comment