Submitted by H.Aslanyan on
Հութի

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի ենթակառուցվածքներին հարվածելու մասին

Եմենի հութիները հայտարարել են, որ նոյեմբերի 19-ին չորս ռազմական գործողություն են անցկացրել՝ հարվածներ հասցնելով Սաուդյան Արաբիայի ֆինանսական կենտրոնին, նավթաքիմիական ընկերությանը, ռազմաօդային ուժերի բազային և մայրաքաղաք Էր Ռիադի օդանավակայանին։ Այս մասին գրել է հութիների «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Յահյա Սարին X հարթակում:

«Առաջին գործողությունն ուղղված է եղել Էր Ռիադի ֆինանսական շրջանի դեմ։ Երկրորդ գործողության թիրախը եղել է SADAF նավթաքիմիական ընկերությունը՝ Էլ Ջուբայլ քաղաքում։ Երրորդ ռազմական գործողության արդյունքում խոցվել է Խամիս Մուշայթ քաղաքի ավիաբազան, որին զգալի վնաս է հասցվել։ Չորրորդ գործողության թիրախը եղել է Էր Ռիադի «Խալիդ արքա» միջազգային օդանավակայանը», – հայտնել է Սարին։

Նա ընդգծել է, որ շարժման ուժերը ենթակառուցվածքներին հասցրել են «կետային և ուղիղ հարվածներ»։ Նրա խոսքով՝ այդ գործողությունների հետևանքով օբյեկտները լուրջ վնասվածքներ են ստացել։

Իր հերթին, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ներկայացուցիչ Թուրքի ալ Մալիքին X-ում հայտնել է, որ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը կալանել են հութիների կողմից թագավորության ուղղությամբ արձակված երկու անօդաչու թռչող սարք։

Կոալիցիայի տվյալներով՝ կալանվել և ոչնչացվել են հարվածային անօդաչուները, որոնք շարժվում էին Սաուդյան Արաբիայի հարավային շրջանի ուղղությամբ։

Սաուդյան Արաբիան գլխավորում է արաբական կոալիցիան, որը Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության զորքերին ռազմական աջակցություն է ցուցաբերում հութիների դեմ պայքարում։

 

Add new comment