Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. Նիկոլ Փաշինյան
Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը: ԹՐԻՓՓ նախագիծը կարևոր նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի ու Հարավային Կովկասի համար, այլև ամբողջ աշխարհի: Այն էապես նպաստելու է կապակցվածության միջազգային ծրագրերին: Օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել, որում նշված է.
«Սիրելի՛ ժողովուրդ, հարգելի՛ գործընկերներ,
Մեծագույն պատիվ ունեմ հայտարարելու Հայաստանի և ԱՄՆ Կառավարությունների կողմից համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ԹՐԻՓՓ նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին, որը հիրավի պատմական իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ։
Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները: Քիչ անց մենք կլսենք ԱՄՆ նախագահ պարոն Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքի առթիվ, ինչից հետո ուղիղ եթերում կտեղափոխվենք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, որտեղ մեկնարկում են ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքները։
Ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը բեկումնային նշանակություն ունեցավ Հարավային Կովկասի կերպափոխման և այսօրյա աննախադեպ իրողությունների հաստատման համար։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ ու մասնակցությամբ՝ իմ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը հնարավորություն ընձեռեց շրջելու տասնամյակներ տևող հակամարտության էջը՝ ճանապարհ հարթելով հարատև խաղաղության և կայունության համար։
Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ԹՐԻՓՓ-ն է, որը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա։
Բացի Ադրբեջանի և այդ երկրի Նախջևանի Ինքնավար Հանրապետությունն իրար հետ կապելու և Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից՝ ԹՐԻՓՓ-ն ունենալու է հսկայական տարածաշրջանային և միջազգային նշանակություն՝ լրացուցիչ կենսունակություն հաղորդելով Տրանսկասպյան առևտրային երթուղուն և Արևմուտք – Արևելք կապակցվածությանը։
Սիրելի՛ հայրենակիցներ, խաղաղությունից զատ՝ ԹՐԻՓՓ նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսական առաջխաղացման գործում և որպես այդպիսին էականորեն նպաստելու է արտաքին շուկաներին Հայաստանի հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը։ Այն հավասարապես կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի շրջանների, հատկապես, Սյունիքի մարզի բնակչության համար՝ թույլ տալով լիարժեք կերպով բացահայտել մարզի զարգացման ներուժը։
ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը։ Սրա մասին է վկայում ներդրողների, գործընկեր պետությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի և ԹՐԻՓՓ-ի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունը և մեր երկրում ընթացող գործընթացներից անմասն չմնալու խիստ արտահայտված ցանկությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ, ընթացիկ իրադարձությունները Հայաստանի Հանրապետության Կառավարության խաղաղության և տարածաշրջանային կայունություն հաստատելու օրակարգի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև առավել բարեկեցիկ և փոխկապակցված Հայաստան ունենալու տեսլականի կենսունակության առհավատչյան են։
Այսօր մեր աչքի առաջ կյանքի կոչվող նախաձեռնությունների հետևում կանգնած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճռական ձայնը, ում քվեն մեր Կառավարության հուսալի հենարանն ու միակ հովանավորն է։ Խաղաղ և բարեկեցիկ ապագա ունենալու մեր հայրենակիցների իղձերն ու ցանկություններն են, որ ուղենիշ են ծառայում մեր Կառավարության համար՝ ուղղորդելով մեր բոլոր գործողությունները Հայաստանի և նրա ժողովրդի զարգացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելուն։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և բարի երթ մաղթում ԹՐԻՓՓ նախագծի իրականացման աշխատանքներում»:
Add new comment