Սուդանում հրադադար հաստատելու նախկին անհաջող փորձերից հետո   հակամարտող կողմերը համաձայնվել են 72-ժամյա հրադադարի

Սուդանում հրադադար հաստատելու նախկին անհաջող փորձերից հետո հակամարտող կողմերը համաձայնվել են 72-ժամյա հրադադարի

Ապրիլի 15-ից Սուդանի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում թեժ մարտեր են սկսվել զինվորականների և ԱԱՈՒ-ի (Արագ արձագանքման ուժեր) միջև՝ ծանր սպառազինության կիրառմամբ։ Բախումների ընթացքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել: ԱԱՈՒ-ի հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ զինված ուժերը, առանց նախնական ծանուցման, պաշարել են մայրաքաղաքի հարավային արվարձանում գտնվող իրենց հենակետերից մեկը։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է նրանով, որ ԱԱՈՒ-ն վերջերս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ որևէ համաձայնեցման։

Սուդանի զինված ուժերը և նրանց դիմակայող «Արագ արձագանքման ուժերը» (ԱԱՈՒ) համաձայնության են հասել 72-ժամյա հրադադարի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Վերջին 48 ժամվա ինտենսիվ բանակցություններից հետո Սուդանի զինված ուժերը և «Արագ արձագանքման ուժերը» համաձայնության են հասել երկրի ամբողջ տարածքում հրադադարի շուրջ, որը կսկսվի ապրիլի 24-ի կեսգիշերին և կտևի 72 ժամ»,- ասվում է նրա հայտարարության մեջ:

Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ն երկու կողմերին էլ կոչ է անում չխախտել այս պայմանավորվածությունը:

«Մենք կաշխատենք Սուդանում հակամարտող կողմերի և մեր գործընկերների հետ ընդհանուր նպատակի՝ իշխանությունը Սուդանի քաղաքացիական կառավարությանը հանձնելու ուղղությամբ»,- հավելել է նա։

Նշենք, որ Սուդանում հրադադար կազմակերպելու նախկին փորձերը հաջողություն չեն ունեցել:

Add new comment