Դա գտնվում է մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում. Անդրանիկ Քոչարյանը՝ Բերձորում անցակետի տեղադրման մասին
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտել է, որ Ադրբեջանը Բերձորի միջանցքում ապօրինի կերպով անցակետ է տեղադրել Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում: Քոչարյանն այս մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախում մարդիկ փաստորեն լիակատար շրջափակման մեջ են, նա ասել է. «Ուրեմն այդ պայմաններում էլ պետք է կարողանանք և՛ ապրել, և՛ մտածել ազատագրվելու մասին»:
Իսկ թե ինչպես ենք լուծելու խնդիրը, Քոչարյանը պատասխանել է՝ համբերատար, միասին: Անդրադառնալով դիտարկմանը, որ դա շարունակվում է արդեն շուրջ 4 ամիս, հանձնաժողովի նախագահը նշել է. «Շրջափակումները նաև երկար էլ են տևում: Երբ դիմանում ես, դու հաղթում ես»:
Նա հավելել է. «Անցակետ տեղադրելը գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում: Հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն այդտեղ, թե՞ չկան»:
Ըստ Քոչարյանի՝ ՌԴ-ն պետք է իրականություն դարձնի այն պատասխանատվությունը, որը ստանձնել է 2020-ի նոյեմբերին: Հայաստանն էլ իր մասով պետք է աշխատանք կատարի:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թ. եռակողմ հայտարարության դրույթները, ապրիլի 23-ից փակել է Բերձորի միջանցքում գտնվող Հակարիի կամուրջը, ապօրինի կերպով տեղադրել է անցակետ:
Add new comment