Ադրբեջանցիներն այս պահին երևի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաներ, այնուհետև նաև քաղաքացիներին. Արցախի ԱԳ նախարար
Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումը ևս մեկ հարված է նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթին, և Ադրբեջանն առաջ է քաշում Արցախն էթնիկ զտման ենթարկելու իր քաղաքականությունը: Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:
«Այս անցակետի տեղադրումով անվտանգային միջավայրի ընկալումն է փոխվում, և այս քաղաքականությունն Ադրբեջանը որդեգրել է վաղուց․ տարբեր անհիմն, կեղծ մեղադրանքներ առաջ քաշելով՝ փորձում է դիմել նման սադրանքների»,- ասել է նա:
Ղազարյանի խոսքով՝ առաջին հերթին նոյեմբերի 9-ի փաստաթղթով ադրբեջանական կողմը երաշխավորել է, որ ԼՂ կապը Հայաստանի հետ, անվտանգությունն ապահովելու է Ադրբեջանը, և քաղաքացիները, տրանսպորտային միջոցները, բեռներն անվտանգ անցնելու են երկու կողմից:
«Հիմա նոր պահանջներ են առաջ քաշում, այս պահին երևի կփորձեն ստուգել բեռնատար մեքենաներ՝ ներկայացնելով, որ իբր ստուգում են՝ զենք չլինի, հաջորդ փուլում արդեն առաջ կքաշեն, որ ստուգում են քաղաքացիներին, նրանց անձնական իրերը և այլն: Պետք է նշեմ, որ այս կետը փաստաթղթի կարևորագույն տարր էր, և 2020 թվականին տեղահանված արցախցիների մեծ մասը վերադարձավ՝ հաշվի առնելով, որ այդ երաշխիքները կան, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»,- նշել է նա:
Ըստ ԱԳ նախարարի՝ արցախցիները վերադարձել են Արցախ՝ տեսնելով, որ ռուս խաղաղապահ զորակազմն է այնտեղ տեղակայվել, բայց հիմա հայտնվել են պատանդի կարգավիճակում. «Մենք հիմա տեսնում ենք, որ Ադրբեջանը, խաղաղապահների կարմիր գծերը հետ մղելով, առաջ է գնում, ադրբեջանական կողմը շատ լավ օգտվում է նաև այն հանգամանքից, որ ռուսական տարբեր շրջանակների ներկայացուցիչներ ասում են, որ իրենց ուշադրությունը սևեռված է այլ ուղղության վրա։ Հիմա մենք փորձում ենք հասկանալ՝ արդյոք կա վերջնագիծ, սահմանագիծ կամ համբերության բաժակ, որ ռուսական կողմն ունի այս առումով»:
Հարցին, թե արդյոք սա նաև Արցախի իշխանությունների համար է կարմիր գիծ, արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է, որ այո, եզրակացություններ բոլոր ուղղություններով վաղուց են անում, սակայն այս դեպքի առնչությամբ ակնկալում են կոնկրետ քայլեր ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից:
Add new comment