Մինչև տարվա վերջ ուկրաինական կողմը կվերադարձնի բոլոր տարածքները. ուկրաինացի զինվորական
Կիևը պատրաստվում էր անցած փետրվարի 24-ին՝ պատերազմի մեկնարկի տարելիցին, հարվածներ հասցնել Մոսկվային, բայց հրաժարվել է այդ մտադրությունից Վաշինգտոնի խնդրանքով, գրել է «Washington Post»-ը՝ հղում անելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերին, որոնք շաբաթներ առաջ արտահոսքի պատճառով հայտնվել են համացանցում։ Ըստ լրատվամիջոցի՝ փաստաթղթերում չի նշվում, թե կոնկրետ ով է դեմ եղել հարվածներին, կամ ինչու են ուկրաինացի պաշտոնյաները փոխել իրենց մտադրությունը։
Պաշտոնական Կիևն այս հրապարակումներն առայժմ ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել։
Մինչ այդ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, թե մինչև տարվա վերջ ուկրաինական կողմը կվերադարձնի ռուսների վերահսկողության տակ անցած բոլոր տարածքները, վճռական մարտերն էլ կսկսվեն մինչև ամառ, այսինքն՝ առաջիկա շաբաթներին։
«Այս պատերազմին վերջ դնելու միայն մեկ ճանապարհ կա․ դա 1991 թ. սահմանների վերադարձն է ցանկացած ձևով։ Այս պատերազմն առանց տարածքային խնդիրների լուծման անհնար է, անիրատեսական։ Ուկրաինան երբեք չի համաձայնվի հանձնել իր տարածքների որևէ մաս»,- ասել է նա։
Սպասվող հակահարձակման հստակ ժամկետ Բուդանովը չի նշել՝ շեշտելով, թե դա գաղտնիք է։ Պաշտոնապես հակահարձակումը դեռ չի սկսվել։ BBC-ի աղբյուրները, սակայն, հաստատել են Ուկրաինայի զինված ուժերի առաջխաղացումը Խերսոնի մոտակայքում։
«Զինվորականները որոշակի տեղաշարժ են կատարում Դնեպր գետով Խերսոնի շրջանում»,- BBC-ի հետ զրույցում հաստատել են Ուկրաինայի զինված ուժերի աղբյուրները։
Add new comment