Ադրբեջանն արդեն պաշտոնապես փակել է Լաչինի միջանցքը․ Փաշինյան
«Ադրբեջանը շարունակաբար սրում է իրադրությունը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի հսկիչ-անցագրային կետ տեղադրելով ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքում»,- այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից։
«Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելուն, այլև ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված սադրիչ քայլ է: Միջազգային հանրությունն այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ-անցագրային կետի տեղադրմանը Լաչինի միջանցքում, բայց կարևոր է նաև արձանագրել այս և սրան նախորդած մի շարք գործողությունների իրական ու խորքային նպատակը: Այդ նպատակը ԼՂ հայության էթնիկ զտումն ու ցեղասպանություն իրականացնելն է, և հենց սա պետք է լինի մեր բոլորի, միջազգային հանրության ուշադրության առարկան»,- ասել է Փաշինյանը:
Add new comment