Submitted by H.Andreasyan on
Անհրաժեշտ է Լաչինի միջանցք ու ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել․ Փաշինյան

Անհրաժեշտ է Լաչինի միջանցք ու ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել․ Փաշինյան

«ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցությունների առարկա պետք է դառնան միջազգային ձևաչափի շրջանակում»,- այսօր՝ ապրիլի 27-ին, Կառավարության նիստին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին՝ նա նշել է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների և վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի ու գործուն համակարգ․ «Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների սահմանազատման չափանիշները, և ցանկացած էսկալացիա բացառելու հստակ մեխանիզմներ պետք է ներդրվեն»։

Փաշինյանն ասել է, թե Հայաստանից ու միջազգային հանրությունից պահանջվում են կոնկրետ ու անկեղծ ջանքեր՝ իրադրության հետագա լարում թույլ չտալու ու համապարփակ կարգավորման հասնելու համար․ «Հայաստանը շարունակելու է այս ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերի գործադրումը, բայց այդ ջանքերին զուգահեռ՝ ամեն օրվա հետ ավելի ու ավելի է անհրաժեշտ դառնում ԼՂ-ում ու Լաչինի միջանցքում ավելի լայն միջազգային ներկայությունը։ Ադրբեջանի ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղը վերածել հայության նոր կառափնարանի, պետք է կասեցվեն, ու սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող ներկայացուցիչների ներկայությունն է ԼՂ-ում։ Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ է Լաչինի միջանցք ու ԼՂ միջազգային փաստահավաք հրատապ առաքելություն գործուղել»։

Հիշեցնենք, որ 2022 թ․ դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։

2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։

 

Add new comment