Հաստատվել է ուսհաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը
Կառավարությունն այսօրվա՝ ապրիլի 27-ի նիստին հաստատել է ուսումնական հաստատություններին նախնական զինվորական պատրաստության նպատակով ուսումնական զենք հատկացնելու կարգը:
Ըստ սահմանված կարգի՝ ուսումնական զենք է համարվում միայն ուսումնական նպատակների համար օգտագործվող սարքը կամ առարկան, որը հնարավոր չէ վերանորոգելով դարձնել աշխատունակ և կրակելու համար պիտանի։
Ուսումնական զենքի անհրաժեշտ քանակության հաշվառումը կատարում է ԿԳՄՍ նախարարությունը:
Հաշվառման հիման վրա, ուսումնական զենքի պահանջվող քանակությունը ճշտելուց հետո յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին ԿԳՄՍՆ-ն հայտ է ներկայացնում ՊՆ-ին:
ՊՆ-ն, ստանալով հայտը, Հայաստանի ՆԳՆ ոստիկանությանը հատկացնում է Հայաստանի ուսումնական հաստատությունների համար նախատեսված ուսումնական զենքը:
Ոստիկանությունն ուսումնական հաստատություններին ուսումնական զենքի հատկացումն իրականացնում է Ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանումների միջոցով։
Ոստիկանության կառուցվածքային տարածքային ստորաբաժանման համապատասխան ծառայողը ստուգում է ուսումնական հաստատություններում ուսումնական զենքի պահման պայմանները և կազմում համապատասխան ակտ:
Զենք պահելու պայմանների համապատասխանության դեպքում ուսումնական զենքը հանձնվում է ուսումնական հաստատության զենքի պահպանության համար պատասխանատու անձին, և սահմանված կարգով կատարվում է հաշվառում:
Ուսումնական հաստատությունները վարում են ուսումնական զենքի, այդ թվում՝ ի պահ հանձնված ուսումնական զենքի հաշվառման մատյան։
Add new comment