Մոսկվայում Սիրիայի հարցով բանակցությունները կենտրոնացած էին երկարաժամկետ խաղաղության և անվտանգության վրա. Իրանի ՊՆ
Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին հայտարարել է, որ Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի պաշտպանության նախարարների քառակողմ բանակցությունները կենտրոնացած էին տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն հաստատելու ուղղությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Աշտիանին շեշտել է, որ Իրանը լուրջ է վերաբերում Սիրիայի և Թուրքիայի միջև ուղիղ բանակցությունների անցկացմանը։ «Թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանն ուղղված Իրանի և Ռուսաստանի ջանքերը եղել են Մոսկվայում քառակողմ հանդիպման նպատակներից»,- ասել է նա։
Իրանի պաշտպանության նախարարի խոսքով՝ Թեհրանն աջակցում է Սիրիայի և Թուրքիայի համատեղ ջանքերին։ Նա շեշտել է Իրանի՝ որպես տարածաշրջանային հավասարումների ազդեցիկ երկրի դերը և ասել, որ Իրանը միշտ արել է հնարավորը՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։
Ռեզա Աշտիանին հավելել է, որ ահաբեկչության տարբեր ձևերի դեմ պայքարը տարածաշրջանի բոլոր երկրների կամքն է, և այդ խնդիրը չի կարող լուծվել առանց տարածաշրջանային պետությունների միջև համագործակցության ու համակարգման։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև քառակողմ բանակցություններ են տեղի ունեցել։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը սիրիական հակամարտության սկզբից ի վեր աջակցել են այդ երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանմանը։ Թուրքիան, որը նախքան հակամարտությունն ամենաջերմ հարաբերություններն ուներ Սիրիայի և անձամբ նախագահ Բաշար ալ-Ասադի հետ, ամեն կերպ աջակցում էր Սիրիայի զինված ընդդիմադիր խմբավորումներին և փորձում հասնել ռեժիմի փոխոխության։
Ռուսաստանը և Իրանը վերջին տարիներին թուրք-սիրիական հարաբերությունները կարգավորելու նպատակով զգալի ջանքեր են գործադրում, որոնցից մեկն էլ չորս երկրների պաշտպանության նախարարների միջև հանդիպման կազմակերպումն էր։
Add new comment