Submitted by D.Guyumjyan on
DETQ

Մենք միաբևեռ համակարգից անցնում ենք բազմաբևեռ աշխարհակարգի. Աբդոլլահիան

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ ներկայումս մարդկությունը միաբևեռ աշխարհակարգից անցում է կատարում դեպի բազմաբևեռ աշխարհակարգ։ Ըստ «Դետք»-ի՝ Աբդոլլահիանն այս մասին ասել է «Bardashte Aval» պարբերականին տված հարցազրույցում։ 

«Մենք միաբևեռ համակարգից անցնում ենք բազմաբևեռ աշխարհակարգի»,- ասել է նա:

Իրանի արտգործնախարարը շեշտել է, որ բազմաբևեռ աշխարհակարգում Իրանը կարող է լինել ակտիվ դերակատար և մեծ տերություն։ Նրա խոսքով՝ միջազգային դերակատարները բազմազան են ու բազմաթիվ, իսկ նրանցից ոմանք՝ չափազանց ազդեցիկ։

Աբդոլլահիանը հավելել է, որ Իրանը շահում է Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցությունից։ «Մենք շահեր ունենք Ռուսաստանի և Չինաստանի հետ համագործակցության մեջ, շահեր ունենք նույնիսկ Ամերիկա մայրցամաքի և Եվրոպայի հետ, մենք գործում ենք այդ շահերի շրջանակում»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Նկատենք, որ միաբևեռ աշխարհակարգը ձևավորվել է 1990-ական թվականներին, երբ փլուզվեց Խորհրդային միությունը։ Միաբևեռ աշխարհակարգում առաջնորդություն ստանձնեցին Միացյալ Նահանգները և նրա դաշնակից պետությունները։

Մի շարք փորձագետների պնդմամբ՝ ներկայումս աշխարհում ընթանում է նոր աշխարհակարգի ձևավորման պայքար, որի թատերաբեմն Ուկրաինայում ընթացող հակամարտությունն է։ Իրանը բնականաբար կողմնակից է բազմաբևեռ աշխարհակարգի ստեղծմանը, որտեղ անշուշտ կսասանվեն իր ոխերիմ հակառակորդ ԱՄՆ-ի դիրքերը։

Add new comment