Submitted by D.Guyumjyan on
DETQ

Քանաանին հերքել է Ռուսաստանին սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պնդումները

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հերքել է «Wall Street Journal» պարբերականի այն հրապարակումը, համաձայն որի՝ Իրանը ծովային ճանապարհով սպառազինություն է ուղարկում Ռուսաստան՝ ուկրաինական ռազմաճակատում օգտագործելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
 

Իրանցի դիվանագետը վերահաստատել է, որ Իրանը դեմ է պատերազմին և աջակցում է Ուկրաինայում հրադադարի ու խաղաղության հաստատմանը։ Նրա խոսքով՝ Թեհրանի նկատմամբ նման մեղադրանքները նպատակ ունեն ստվերելու այն ահռելի ռազմական աջակցությունը, որն Արևմուտքը ցուցաբերում է Կիևին։

«Մինչ պատերազմողներն ընտրել են բախումների ուղին և դրանից բխող ֆինանսական ու քաղաքական օգուտները՝ շարունակաբար առաջադեմ զենք ուղարկելով Ուկրաինա, փակ պահելով բանակցությունների և խաղաղության ճանապարհը, նրանց հետ փոխկապակցված որոշ լրատվամիջոցներ հրապարակում են նման կեղծ լուրեր: Նրանք հետևում են իրանաֆոբիայի քաղաքականությանը և սեփական քաղաքական նպատակներին»,- նշել է Քանաանին։

Հիշեցնենք՝ ինչպես ավելի վաղ տեղեկացել է «Դետք»-ը, «The Wall Street Journal» պարբերականը, հղում անելով պաշտոնական հայտարարություններին և փաստաթղթերին, հայտնել էր, որ Իրանը Կասպից ծովի տարածքով հարյուր հազարավոր հրետանային արկեր և այլ տեսակի զինամթերք է մատակարարում Ռուսաստանին։

#Դետքի_հետագծով

Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ուկրաինայից և նրա արևմտյան գործընկերներից պարբերաբար Իրանին ուղղված մեղադրանքներ են հնչում առ այն, որ երկիրը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։

Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այս մեղադրանքները։ Իրանական կողմը հայտնում է, որ դեմ է պատերազմի շարունակմանը և այդ պատճառով զենք չի մատակարարում պատերազմող կողմերից որևէ մեկին, իսկ Ռուսաստանը պնդում է, որ ռազմի դաշտում կիրառում է հայրենական արտադրության սպառազինություն։
 

Add new comment