Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանի և Սիրիայի միջև բազմակողմ համաձայնագիր է ստորագրվել

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Սիրիայի Արաբական Հանրապետությունը փոխըմբռնման համապարփակ հուշագիր են ստորագրել տրանսպորտի, զբոսաշրջության, առևտրի, էներգետիկայի, մշակույթի և բանկային ոլորտներում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ հուշագիրը ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշն ու Սիրիայի էկոնոմիկայի և արտաքին առևտրի նախարար Մոհամմադ Սամեր ալ-Խալիլը՝ որպես երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովի նախագահներ։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն անդրադարձել է երկու երկրների հարուստ մշակութային քաղաքակրթությանը։ Նրա խոսքով՝ Իրանն ու Սիրիան ունեն անկախության հակառակորդների ու թշնամիների կողմից բռնի պատժամիջոցների դեմ ընդհանուր պայքարի փորձ, և երկու երկրները կանգնել են սեփական ոտքերի վրա՝ ապահովելու իրենց առաջընթացը:

Նշենք, որ Դամասկոսում գտնվող Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը հանդիպում է ունեցել նաև Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու հնարավորությունները։

#Դետքի_հետագծով

Սիրիան Իրանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի, այդ պատճառով էլ Թեհրանն ամեն կերպ խորացնում է իր կապերն արաբական այս երկրի հետ։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ սիրիական հակամարտության սկզբից Իրանն ամեն կերպ աջակցեց Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին, որպեսզի վերջինս պահպանի իր իշխանությունը, ինչպես նաև երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Միևնույն ժամանակ կարող ենք պնդել, որ եթե չլիներ Իրանի և Ռուսաստանի անվերապահ աջակցությունը, ապա Ասադի վարչակարգին չէր հաջողվի պահպանել իր իշխանությունը և վերահսկողությունը երկրի տարածքների մեծ մասի հանդեպ։

 

Add new comment