Iran during Rafsanjani's presidency

Իրանը Ռաֆսանջանիի նախագահության շրջանում

Իրանը Ռաֆսանջանիի նախագահության շրջանում

1989 թ. հունիսի 3-ին ԻԻՀ առաջնորդ իմամ Ռուհոլլա Խոմեյնին մահացավ: Նույն օրը փորձագետների խորհուրդը, որի լիազորությունների մեջ է մտնում ԻԻՀ առաջնորդի ընտրությունների կազմակերպումը, այաթոլլահ Սեյյեդ Խամենեիին ընտրեց ԻԻՀ նոր առաջնորդ: Վարչապետի պաշտոնը վերացվեց, նախագահի գործադիր իշխանությունն ընդլայնվեց: Նոր նախագահ և կառավարության ղեկավար ընտրվեց Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Նոր նախագահը ձեռնամուխ եղավ բարեփոխումների իրականացմանը: Նա իր կառավարությունը համալրեց տեխնոկրատ գործիչներով, որոնցից շատերն ավարտել էին ամերիկյան և եվրոպական համալսարաններ, արտասահմանից Իրան հրավիրեց իրանցի պրոֆեսիոնալ տնտեսագետների: Ռաֆսանջանին հետևողականորեն վարում էր տնտեսական ազատականացման քաղաքականություն՝ այն ուղղորդելով դեպի ազատ շուկայական հարաբերություններ: Այս քաղաքականության կարևորագույն բաղկացուցիչներն էին պետության հսկողության տակ գտնվող մի շարք գործարանների բաժնետոմսերի վաճառքը բանվորներին ու ծառայողներին, դրական վերաբերմունքն իրանական տնտեսության մեջ օտարերկրյա մասնավոր ներդրումների նկատմամբ, բազմազգ ընկերությունների հետ իրանական կապիտալի համագործակցության խրախուսումը, ազատ գոտիների ստեղծումը և այլն: Կառավարության իրականացրած բարեփոխումներն էական դեր խաղացին հետպատերազմյան շրջանում իրանական տնտեսության վերածնման գործում: Հատկապես ակնառու ձեռքբերումներ եղան նավթի և գազի արդյունաբերության վերականգնման ու զարգացման բնագավառում: Իրանի տնտեսական կուրսի փոփոխության համար շրջադարձային նշանակություն ունեցավ զարգացման հնգամյա ծրագիրը, որը, ըստ էության, երկրի տնտեսության զարգացման ծրագիր էր՝ ուղղորդված դեպի շուկայական հարաբերություններ: Նախատեսված էր նաև փոխառությունների, վարկերի և ծառայությունների ձևով օտարերկրյա կապիտալի օգտագործման հնարավորություն: Սահմանադրական արգելքի նման փոոփոխությունը հնարավորություն տվեց Իրանին օտարերկրյա առաջատար ընկերությունների հետ պայմանագրեր կնքելու բարձր տեխնիկական արտադրությունների շինարարության համար: Այս ամենի արդյունքում ԻԻՀ-ն կարողացավ հաղթահարել տնտեսության մեջ նկատվող ճգնաժամային երևույթները: Տնտեսական զարգացման 2-րդ հնգամյա ծրագրի բուն նպատակն Իրանը զարգացող երկրից զարգացած երկրի վերածելն էր: Այնուամենայնիվ Իրանի տնտեսական շրջափակումը և նրա հանդեպ տնտեսական պատժամիջոցների կիրառումը, հատկապես ԱՄՆ-ի կողմից, մեծապես դժվարացնում էին երկրի անկաշկանդ տնտեսական զարգացումը: Ռաֆսանջանիի տնտեսական քաղաքականությունը դիմադրության էր հանդիպում նաև երկրի պահպանողական տարրերի կողմից, որոնք ամբոխավարական կարգախոսների օգնությամբ ժամանակ առ ժամանակ կարողանում էին ժողովրդական զանգվածներին հրահրել նախագահի ղեկավարած կառավարության դեմ ցույցերի ու հանրահավաքների: Թերևս այդ պատճառով Ռաֆսանջանիի տնտեսական ազատականացման քաղաքականությունը չուղեկցվեց մշակույթի և քաղաքական կյանքի բնագավառում ազատականացման գործընթացով: Սակայն, ամբողջությամբ վերցրած, իշխանության ղեկին Ռաֆսանջանիի կառավարության տարիները նշանավորվեցին նրանով, որ դրանք դարձան իսլամական նոր պետության կայունացման և նրա հիմնական քաղաքական-իրավական ու սոցիալ-տնտեսական ինստիտուտների կայացման տարիներ: Հատկանշական է նաև, որ Ռաֆսանջանիի կառավարությունը 1997 թ. նշանակալի քայլ կատարեց դեպի ժողովրդավարություն՝ ապահովելով նոր նախագահի ազատ ընտրության հնարավորությունը:

 

Add new comment