Submitted by detq-editor on
The concept of jihad in Islam

Ջիհադի հայեցակարգն իսլամում

Ջիհադի հայեցակարգն իսլամում

Ջիհադը, հակառակ տարածված կարծիքի, չի նշանակում «սրբազան պատերազմ», այլ բառացի թարգմանությամբ՝ ձգտել, ջանալ, ջանք թափել Ալլահի ճանապարհին: Ջիհադի առաջացման պատմության արմատները ձգվում են մինչև կրոնի և իսլամական ումմայի ձևավորման սկզբնական շրջան: Դրա առաջին և կարևոր աղբյուր է համարվում Ղուրանը, որտեղ «ջահադա» տերմինը կիրառվում է սուրաներում: «Ջիհադ» տերմինը կարելի է համարել զուտ իսլամական, որն արաբների շրջանում լայն կիրառություն ստացավ իսլամի առաջացումից հետո, այն նպատակ ուներ մուսուլմաններին բացատրելու ռազմական գործողությունների կատարման իմաստը և ցույց տալու մուսուլմանի հուսալքությունը հաղթահարելու ճանապարհը՝ Աստծո ճանապարհի համար պայքարելով:

Ջիհադի մասին հիշատակումներ կան նաև Սուննայում, որտեղ շատ հեղինակների երկերում ջիհադին վերաբերող հադիսները ներկայանում են առանձին գլուխներով՝ անմիջապես հաջորդելով հինգ հիմնասյուների մասին հադիսներին: Այս հանգամանքը շեշտում է ջիհադի կարևորությունը մուսուլմանների համար: Հիշատակումներ կան հադիսների ամենահայտնի ժողովածուներում՝ Ալ-Բուխարիի, Մուսլիմի, Աբու Դաուդի, Ալ-Թիմրիզիի և այլոց երկերում: Ջիհադի կանոնակարգման նպատակով բազմաթիվ գրքեր են գրվել՝ սկսած 8-րդ դարի 30-ական թվականներից: Այդ ժամանակներում տեղի ունեցող պատերազմները ստիպել են ավելի մեծ ուշադրություն դարձնել սրի ջիհադին:

Իսլամական գաղափարների համաձայն՝ աշխարհը բաժանված է երկու մասի՝ դար ալ-իսլամ և դար ալ-հարբ: Դար ալ-իսլամը մշտական պատերազմի մեջ է գտնվում դար ալ-հարբի հետ՝ նպատակ ունենալով ամբողջ աշխարհը դարձնելու իսլամական և ենթարկելու Աստծո կանոններին: Կա մի հադիս, որտեղ Մուհամմադ մարգարեն նշում է ռազմական պայքարը՝ որպես փոքր ջիհադ, իսկ սեփական արատների դեմ պայքարը՝ մեծ ջիհադ: Դար ալ-հարբի գրավման համատեքստում մուսուլմաններն իրենք իրենց համարում են ազատարարներ և արդարություն բերողներ: Մեծ կամ ներքին ջիհադը սեփական անձի դեմ պայքարն է՝ սատանայի գայթակղություններից ազատվելու, սեփական մտքերը և ցանկությունները սանձելու համար: Սա համարվում է ամենակարևոր ջիհադը: Խոսքի ջիհադը սեփական համոզմունքների, սեփական հավատի, Ալլահի բացարձակության մասին քարոզն է, ինչպես նաև այդ ճանապարհից շեղվածների հետապնդումը: Սրի ջիհադը (ջիհադ աս-սեյֆ) զենքի գործադրումն է սրբազան ճանապարհին: Այն ի սկզբանե ունեցել է պաշտպանական նպատակ: Հակառակ տարածված կարծիքների՝ սրի ջիհադն ամենակարևորը չէ:\

Սուննիական իսլամի կրոնաիրավական չորս դպրոցներից (մազհաբ) մալիքիական, հանաֆիական և շաֆիական դպրոցները ջիհադի իրականացումը համարում են պարտադիր, եթե դա կատարվում է որոշակի պայմանների առկայության

դեպքում: Այդ պայմաններից են անհավատների կողմից ռազմական գործողություններ սկսելը և հաջողության հասնելու հիմնավորման առկայությունը: Շաֆիական մազհաբի հիմնադիր Աբու Աբդալլահ ալ-Շաֆին ջիհադը համարում էր Աստծո օրենք՝ մուսուլմանական համայնքի շարունակականությունն ապահովելու համար: Ալ-Շաֆին կարևորում էր ջիհադի իրականացման միջոցով օգուտ ստանալու սկզբունքը՝ շարադրելով անհավատներից ջիզիա (հարկատեսակ) ստանալու մեխանիզմները:

Ջիհադի վերաբերյալ մեկնաբանությունների ենք հանդիպում հանբալիական մազհաբի հիմնադիր Ահմադ իբն Հանբալի ուսմունքում: Նա դեմ էր իսլամական դրույթների ռացիոնալ մեկնաբանմանը և կարծում էր, որ մարդու բանականությունը չի կարող գործիք դառնալ կրոնական ճշմարտության բացահայտման համար: Հանբալիական մազհաբի հետևորդները համարում են, որ «ջիհադը» անընդհատ իրականացվող գործընթաց է: Ըստ Ահմադ իբն Հանբալի՝ չպետք էր դադարեցնել ռազմական գործողությունների իրականացումը, սակայն դրա համար անհրաժեշտ էին պայմաններ՝ հատկապես ուժի և հզորության առկայություն ու դրանից օգուտ քաղելու ակնկալիք:

 

Add new comment