Իրանը հաջողությամբ փորձարկել է սեփական ինքնաթիռի շարժիչը
Իրանում հաջողությամբ փորձարկել են սեփական արտադրության ինքնաթիռի շարժիչը, որին ներկա է գտնվել նաև այդ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսին։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Ռայիսին այցելել է «Mapna» արդյունաբերական ընկերության կազմակերպած ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են ջերմային և վերականգնվող էլեկտրակայանների, նավթի ու գազի, երկաթուղային տրանսպորտի և մի շարք այլ ոլորտների տեխնոլոգիական վերջին նվաճումները:
Ռայիսին ծանոթացել է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում կիրառվող առաջադեմ F դասի գազատուրբինի աշխատանքին, որի պահեստամասերը նույնպես արտադրվում են այս ընկերությունում:
Բացի դրանից՝ Իրանի նախագահին է ներկայացվել «MAP-24» լոկոմոտիվը, որը նույնպես նախագծվել ու կառուցվել է նույն ընկերության մասնագետների կողմից: Լոկոմոտիվի հիմնական սարքավորումների մի կարևոր մասը, այդ թվում՝ կառավարման համակարգը, բեռնատարները, արգելակները, շասսիները, թափքը, արտադրվել է իրանական գործարաններում։
Նշվում է, որ ընկերությունը փորձել է օգտագործել նաև իրանական այլ ընկերությունների կարողություններն ու ներուժը՝ լոկոմոտիվի համար անհրաժեշտ մյուս սարքավորումների արտադրության համար:
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին տարիներին լուրջ քայլեր է ձեռնարկում հայրենական արտադրության ռազմական տեխնիկայի, ինչպես նաև այլ սարքավորումների արտադրության նպատակով։ Սա պայմանավորված է հատկապես Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով, որոնք երկիրը փորձում է առավելագույնս չեզոքացնել՝ խթանելով հայրենական արտադրությունը։
Միևնույն ժամանակ իրանական արտադրության ինքնաթիռները և սպառազինության մյուս տեսակները բավականին արդյունավետ կիրառվում են ամենատարբեր տարածաշրջաններում իրականացվող գործողություններում։
Add new comment