Իրանը չի դադարեցնի առաջընթացն ուժեղացված ճնշման ներքո. ԻՀՊԿ հրամանատար
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին հայտարարել է, որ երկրի թշնամիներն անում են հնարավորը՝ Իրանի առաջընթացը կասեցնելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։
Սալամին շեշտել է՝ Իրանը չի նահանջի առաջընթացի ուղուց, որով քայլել է 1979 թվականի հեղափոխությունից հետո: Նրա խոսքով՝ ներկայումս Իրանի թշնամիներն օգտագործում են բոլոր միջոցներն Իրանի Իսլամական Հանրապետության և ԻՀՊԿ-ի դեմ։
ԻՀՊԿ-ի հրամանատարն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ բոլոր դավադրությունները, որոնք երկրի թշնամիները ծրագրել էին Իրանի դեմ, ձախողված են․ «Մեր մասին թշնամու երազանքներից ոչ մեկը չիրականացավ: Ի հեճուկս բոլորի՝ Իրանի ժողովուրդը փայլեց տարբեր ոլորտներում և շարունակում է փայլել»:
Հոսեյն Սալամին միևնույն ժամանակ կարևորել է դեպի Արևմուտք նայելու փոխարեն անկախության և սեփական ներքին ռեսուրսների վրա հույս դնելը։ Նա հավելել է, որ Իսլամական հեղափոխությունից հետո Իրանը հույսը դրել է սեփական կարողությունների վրա, և այս ուղին կշարունակվի՝ ավելի շատ ձեռքբերումներ ունենալու համար։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններն ամեն կերպ փորձում են ամրապնդել երկրի անվտանգությունը և վերացնել առկա բոլոր սպառնալիքները։
Այս համատեքստում անկյունաքարային նշանակություն ունի 1979 թվականին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունը, որից հետո երկրում հաստատվեց կրոնական կառավարման համակարգ, և օտարերկրյա ազդեցությունը նվազագույնի հասցվեց։ Նաև հենց այս հանգամանքով է պայմանավորված Իրանի նկատմամբ գործադրվող առավելագույն ճնշումների քաղաքականությունը։
Add new comment