Submitted by D.Guyumjyan on
DETQ

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղության հույսն է

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմում խաղաղության հույսն է»։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Չավուշօղլուն գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Անկարայի և ՄԱԿ-ի աջակցությամբ հաջողվել է իրականացնել Ստամբուլի հացահատիկային համաձայնագիրը և կանխել համաշխարհային պարենային ճգնաժամը։

Նա հիշեցրել է, որ պատերազմի մեկնարկից հետո Անթալիայում կայացած դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում թուրքական կողմը կազմակերպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

Չավուշօղլուն ասել է, որ Անկարան ապահովել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակման կայացումն ու նպաստել Ռուսաստանի ատոմային էներգիայի պետական ​​գործակալության (Ռոսատոմ) և ՄԱԳԱՏԷ-ի միջև շփումների կայացմանը։ Նա հավելել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Մոնտրոյի կոնվենցիային։

#Դետքի_հետագծով

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր Թուրքիան վարում է չափազանց հավասարակշռված արտաքին քաղաքականություն և կարողանում է ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել։

Ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանն այն եզակի քաղաքական դերակատարներից է, որը բանակցություններ է վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի իշխանությունների հետ։ Միևնույն ժամանակ վերջինս իր այդ դիվանագիտական հաջողությունը փորձում է առավելագույնս կապիտալիզացնել Թուրքիայում ընթացող նախընտրական քարոզարշավի շրջանակում։

Add new comment