Submitted by H.Andreasyan on
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ Արման Եղոյան

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում նախատեսված է նաև Մոսկվայում․ Արման Եղոյան

Նախնական պայմանավորվածություն կա, ըստ դրա՝ հանդիպում պետք է լինի նաև Մոսկվայում: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումներին՝ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

«Մի քանի հանդիպում տեղի է ունենալու՝ կախված բանակցության բովանդակությունից: Հայկական կողմը հնարավոր առավելագույնի սպասելիքներ ունի բանակցություններից»,- ասել է նա:

Պատգամավորը տեղեկացրել է, որ բանակցություններն անդրադառնալու են հայ-ադրբեջանական հարաբերությունների ամբողջ սպեկտրին: «Արվելու է ամեն ինչ՝ չլուծված բոլոր հարցերով համաձայնության հասնելու համար. հայկական կողմը՝ իր համար շահավետ լուծման, իրենք էլ, բնականաբար, իրենց»,- նշել է Եղոյանը:

Ըստ նրա՝ հայկական կողմն ամեն ինչ անում է, որ կայանա Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը, և Ստեփանակերտը հանդես գա որպես սուբյեկտ․ «Հայկական կողմը շարունակում է պնդել, որ բանակցությունների ընթացքում տեսանելի մեխանիզմներ լինեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար: Եթե չլինեն այդ տեսանելի մեխանիզմները, կունենանք այն խնդիրները, որ ունենք Երևան-Բաքու խոսակցության մեջ»։

Խոսելով պայմանագրի կատարումն ապահովող երաշխիքների մասին՝ նա ասել է․ «Արդեն այն, որ բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնում, ենթադրում է երաշխիքների որոշակի համակարգ, ինչպես նաև, եթե տեղի ունենային Մոսկվայում: Մենք կարծում ենք, որ առանց միջազգային ամուր երաշխիքների համակարգի որևէ պայմանագիր չի կարող գործել»: 

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցք» ասվածին, ապա, ըստ Եղոյանի, դա ընդհանրապես չի կարող քննարկվել․ «ՀՀ-ն երբեք նման քննարկումների մեջ չի եղել, երբեք համաձայնություն չի տվել իր տարածքից որևէ մետր անգամ այլ պետության զիջելուն. նման արտատարածքային միջանցք Հայաստանի տարածքից չի կարող տրվել այլ պետության»։

Նա հավելել է, որ այդ պահանջը քաղաքական մակարդակով է միայն ձևակերպվել․ «Որևէ նման պահանջ ՀՀ-ին իրավական առումով ձևակերպված, փաստաթղթավորված չի ներկայացվել, որովհետև միջազգային հանրությունից էլ ոչ ոք չի ընկալի դա որպես լեգիտիմ պահանջ»:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է որևէ փաստաթուղթ ստորագրել, քանի դեռ Ադրբեջանի ԶՈՒ-ն գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում, Եղոյանն ասել է, որ դա էլ է քննարկման առարկա և ամենակարևոր կետերից մեկը, ՀՀ պահանջներից մեկը։

 

Add new comment