Ադրբեջանն իր տարածքում կառուցել է Սյունիքի միջանցքի 70%-ը. Ռաշադ Նաբիև
«Ներկայումս միջին միջանցքի նշանակությունն ավելի է մեծանում, մյուս կարևոր նախագիծը Զանգեզուրի (Սյունիքի - խմբ.) միջանցքն է: Տարածքներն ազատագրելուց (օկուպացնելուց - խմբ.) հետո մեր տարածքում կառուցվել է միջանցքի 70%-ը, բայց մի շարք այլ գործընկերներ լիովին չեն հասկանում այս միջանցքի կարևորությունը: Հուսով ենք, որ եվրոպացի և արևմտյան գործընկերների հետ մենք կկարողանանք բոլոր կողմերին համոզել այս միջանցքի կարևորությունը։ Հուսով եմ, որ կարճ ժամանակում այդ միջանցքը կկառուցվի»,- նշել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
Թուրք-ադրբեջանական տանդեմը միջազգային մակարդակով ակտիվորեն զբաղվում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» պանթուրանական նախագծի իրականացմամբ։ Իրականում «Զանգեզուրի միջանցքը» «Թուրանական միջանցքի» թշնամական ծրագիրն է, որն Ադրբեջանը և Թուրքիան իրականացնում են՝ հանդես գալով խաղաղության անվան ներքո:
Թուրքիայի համար «Զանգեզուրի միջանցքի» շահագործումը պանթուրանական քաղաքականություն է, ինչի արդյունքում Թուրքիան ոչ միայն ցամաքային կապ կհաստատի Ադրբեջանի հետ, այլև կփորձի խորացնել կապերը թյուրքական աշխարհի մյուս պետությունների հետ:
Ադրբեջանը բացահայտ իրականացնում է կոշտ ուժի քաղաքականություն՝ «խաղաղության օրակարգը» միշտ ընդգծելով և անհիմն մեղադրելով Հայաստանին խաղաղության գործընթացը խոչընդոտելու մեջ: Պատերազմից հետո Ադրբեջանի վարած քաղաքականությունը փաստում է, որ Ադրբեջանն ագրեսոր, սադրիչ պետություն է, որը պատրաստ է ոչնչացնել այլ պետության մշակույթը, խախտել բոլոր տեսակի պայմանավորվածությունները, պայմանագրերը և այլն: «Խաղաղության օրակարգը» մտացածին ծրագիր է Ադրբեջանի կողմից:
Հեղինակ՝ Ասյա Գևորգյան
Add new comment