Submitted by H.Andreasyan on
Չեմ կարծում, թե այս բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին. Խանդանյան

Չեմ կարծում, թե այս բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին. Խանդանյան

«Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության հնարավոր պայմանագրի կենսունակությունը երաշխավորող մեխանիզմների կարիք է տեսնում, դա կարող է լինել միջազգային կազմակերպությունների կամ երկրների երաշխավորման տեսքով»,- ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ընթացող բանակցություններին։

«Չեմ կարծում, թե այս բանակցությունների արդյունքում կարելի է խոսել փաստաթղթի ստորագրման մասին, սակայն պետք է սպասել բանակցությունների ավարտին»,- ասել է Խանդանյանը: 

Բանակցություններն ընթանում են խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ: Խանդանյանը բանակցությունների արդյունքների մասին խոսելը վաղ է համարում, քանի դեռ դրանք չեն ավարտվել: Ըստ նրա՝ Հայաստանի խնդիրն ընդհանուր առմամբ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հասնելն է, հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի հետ, ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Խանդանյանը ենթադրում է, որ այս բոլոր թեմաները բանակցությունների սեղանի վրա են․ «ՀՀ կառավարության ներկայացուցիչները, վարչապետը, ԱԳ նախարարը ներկայացրել են՝ որպեսզի խաղաղության պայմանագիրը կենսունակ լինի, իսկապես ապահովի խաղաղություն, պետք է լինեն որոշակի մեխանիզմներ, որ կերաշխավորեն այդ պայմանագրի կենսունակությունը: Հայաստանը և Ադրբեջանը պետք է բանակցեն և եթե երկուստեք համաձայնության գան, կլինի: Մենք պատկերացնում ենք, որ դա պետք է լինի, օրինակ, միջազգային հանրության ակտիվ ներգրավվածություն՝ կլինի միջազգային կազմակերպությունների, թե երկրների երաշխավորման տեսքով»:

Խանդանյանն ասել է, որ միջազգային հարաբերությունների պատմությունն ունեցել է այնպիսի դրվագներ, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրերն ունեցել են երաշխավորող կողմեր: Նրա խոսքով՝ պետք է նայել նաև այդ փորձառությանը:

 

Add new comment