Մարիա Զախարովան անդրադարձել է ԱՄՆ-ի միջնորդությամբ ընթացող հայ-ադրբեջանական բանակցություններին
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, հետևաբար, Մոսկվան չի կարող մեկնաբանություններ անել այդ գործընթացի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Դիվանագետը նշել է, որ երբ բանակցությունների մասնակիցները համապատասխան հայտարարություններով հանդես գան, յուրաքանչյուր կողմն արտահայտվի, ապա հնարավոր կլինի կարծիք ձևավորել և մեկնաբանություն անել:
Զախարովան ևս մեկ անգամ շեշտել է եռակողմ համաձայնագրերի իրականացման կարևորությունը․ «Մենք առաջվա պես հանձնառու ենք 2020-2022 թթ. ընթացքում ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կյանքի կոչմանը»:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի տարածքում ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հեռանկարին, ապա Զախարովան նշել է, որ ինչպես նախորդ ճեպազրույցում հայտարարվել էր, Երևանն ու Բաքուն նման հանդիպման պատրաստակամություն են հայտնել:
«Ժամկետների մասին կհայտնենք ավելի ուշ»,- եզրափակել է Զախարովան:
Add new comment