Իրանը Մոհամմադ Խաթամիի իշխանության շրջանում
1977 թ. մայիսի 23-ին ԻԻՀ-ում տեղի ունեցան նախագահական նոր ընտրություններ, որոնցում համոզիչ հաղթանակ տարավ Սեյյեդ Մոհամմադ Խաթամին: Հատկանշական է, որ իր քաղաքական բառապաշարի մեջ Խաթամին մտցրեց «իսլամական ժողովրդավարություն» հասկացությունը՝ այն համարելով 1978-1979 թթ. հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը: Նա կարծում էր, որ ԻԻՀ-ում պետք է ստեղծվի սոցիալ-տնտեսական և սոցիալ-քաղաքական հավասարակշռության հասարակություն, որի հիմքն անպայման պետք է լինի իսլամական: Խաթամին իր քաղաքականության անկյունաքարն էր համարում հասարակական ազատականացումը, այդ թվում՝ ապրելակերպի ազատականացումը: Նախագահի ծրագրի հիմնական կետերից էին՝ կառուցել իրավական հասարակություն, աստիճանաբար երկիրը «բացել» օտարերկրյա ներդրումների համար, տնտեսության «առողջացման» ուղղությամբ էական տեղաշարժեր անել, հետևողական պայքար մղել կոռուպցիայի դեմ, ստեղծել նոր աշխատատեղեր: Խաթամին կոչ էր անում նաև հարգել միջազգային օրենքները և մարդու իրավունքները, դատապարտում էր ահաբեկչության ամեն մի դրսևորում:
Տնտեսության ազատականացման քաղաքականությունն իրագործելիս Խաթամին ամբողջությամբ շարունակում ու զարգացնում էր նախկին նախագահ Ռաֆսանջանիի գիծը: Սակայն եթե Ռաֆսանջանին հիմնական շեշտը դնում էր տնտեսության վերակառուցման ու բարեփոխման խնդրի վրա, ապա նոր նախագահն առաջնահերթությունը տալիս էր հասարակության բարեփոխմանը, որից էլ բխում էին Խաթամիի առաջ քաշած երկու հիմնարար գաղափարական սկզբունքները՝ իսլամական քաղաքացիական հասարակության և քաղաքակրթությունների երկխոսության գաղափարները: Արտաքին քաղաքականության բնագավառում ևս Խաթամիի հայացքները նորարարական էին:
Նա հայտարարեց, որ ինքը ձգտում է ընդլայնել Իրանի համագործակցությունը շրջապատող աշխարհի, այդ թվում՝ համաշխարհային ազդեցության առաջատար կենտրոնների՝ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ: Ընտրվելուց մեկ ամիս անց արդեն նախագահը հանդես եկավ «տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների միջև երկխոսություն» սկսելու նոր նախաձեռնությամբ: Քաղաքակրթությունների երկխոսությունը կոչված էր նախ՝ Իրանը դուրս բերելու քաղաքական մեկուսացման վիճակից, ապա՝ ստեղծելու երկրի արագ տնտեսական զարգացման կայուն նախադրյալներ, ինչպես նաև երկրի նավթարդյունաբերության մեջ ներգրավելու հնարավորինս մեծ քանակությամբ ներդրումներ: Խաթամին ընդգծում էր. «Իսլամական աշխարհը և Եվրոպան պատմական ու աշխարհագրական հանգամանքների բերումով պետք է լավ ճանաչեն միմյանց, այնուհետև անցնեն իրենց քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների բարելավմանը: Մեր ապագան անբաժան է միմյանցից, քանի որ անբաժան է նաև մեր անցյալը»:
Խաթամիի քաղաքակրթությունների երկխոսությունը, սակայն, ունի իր պարտադիր պայմանները: Դրանցից է ժողովուրդների և պետությունների հավասարության սկզբունքի ճանաչումը: Այլ խոսքով՝ երկխոսությունը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ նրա մասնակիցներից յուրաքանչյուրը հարգում է մյուսին և նրան վերաբերվում է, ինչպես հավասարը հավասարին:
1999 թ. ԻԻՀ նախագահն այցելեց Իտալիա: Վերջին 20 տարիների ընթացքում դա իրանական քաղաքական առաջնորդի առաջին այցն էր Արևմուտք: Հատկանշական է, որ պաշտոնական հանդիպումները սկսվեցին Վատիկանից՝ այդկերպ փաստորեն շեշտելով մշակույթների երկխոսության սկզբունքը: Ֆրանսիայում Ժակ Շիրակի հետ հանդիպումների ժամանակ Խաթամին քննարկումների նյութ դարձրեց նաև Իրանում քաղաքական իրադրության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: Հատկանշական էր Մեծ Բրիտանիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը դեսպանի մակարդակով:
2000 թ. հունվարին ԻԻՀ արտաքին գործերի նախարար Քամալ Խարրազին պաշտոնական այցով մեկնեց Մեծ Բրիտանիա: Ստորագրվեց իրանա-բրիտանական համաձայնագիր ահաբեկչության և թմրանյութերի բիզնեսի դեմ պայքարում համագործակցության մասին: Համաձայնագրի մեջ տեղ էին գտել նաև 2 երկրների միջև առևտրական հարաբերությունների զարգացման հարցերը:
«Իրանական հարցի» կապակցությամբ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև գոյություն ունեցող ամենասկզբունքային տարաձայնությունը կապված է հետևյալ հարցի հետ, թե որոնք են այն ուղիները, որոնք անցնելով՝ Իրանն աստվածապետական երկրից կարող է վերածվել ժողովրդավարական պետության: Հարցի լուծման տարբերակներն ընտրելիս Վաշինգտոնը հիմնական շեշտը դնում է այսպես կոչված Իրանի չեզոքացման վրա, որը, նրա կարծիքով, ի վերջո իրանական պետությանը կմտցնի փակուղի: Մինչդեռ Եվրոպան կարծում է, որ անհրաժեշտ է կիրառել զգուշավոր համագործակցության մարտավարություն, որը դիվանագետները ձևակերպում են որպես կառուցողական փոխհամագործակցություն:
Իրանի մերձեցման գործընթացներն Արևմտյան Եվրոպայի հետ ավելի ակտիվացան ու գործնական բնույթ ձեռք բերեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո: Եվրոպական բոլոր պետությունները գոհունակությամբ նշեցին, որ Իրանը հանդես եկավ ամերիկյան քաղաքների ահաբեկչական գործողությունների դատապարտմամբ:
Այնուամենայնիվ նախագահ Խաթամիի ներքին և արտաքին քաղաքականությունը վճռական դիմադրության էր հանդիպում իսլամական պահպանողականների կողմից: Երկրի տարբեր քաղաքներում նրանց և բարեփոխումների կողմնակիցների միջև տեղի էին ունենում սուր ընդհարումներ: 2000 թ. Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Առաջին անգամ ԻԻՀ-ի գոյության ընթացքում ազատականները համոզիչ հաղթանակ տարան: 2001 թ. հունիսին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ Խաթամին կրկին վերընտրվեց նախագահի պաշտոնում: Բայց այնպես ստացվեց, որ ԻԻՀ քաղաքական կյանքում ստեղծվեց մի վիճակ, երբ նախագահն ու նրան շրջապատող դեմոկրատները շարունակում էին բարեփոխումներ խոստանալ, սակայն փոփոխություններ տեղի չէին ունենում, տեղի չունեցավ նաև բարեփոխիչների խոստացած տնտեսական ծաղկումը:
2004 թ. ընտրությունները ճակատագրական եղան դեմոկրատների համար: Ընտրություններից 3 ամիս առաջ Դիտողական խորհուրդը 3600 թեկնածուի զրկեց դրանց մասնակցելու իրավունքից: Աստվածաբաններն ու իրավաբանները որոշեցին, որ նրանք այնքան էլ լոյալ չեն իսլամի նկատմամբ: Սկզբում ազատականները փորձեցին պայքարել, նրանք նստացույց կազմակերպեցին խորհրդարանի շենքում՝ պահանջելով, որ իրենց անունները գրվեն քվեաթերթիկներում: Սակայն երբ նրանց պահանջները չբավարարվեցին, դեմոկրատների շարքերում պառակտում տեղի ունեցավ: Նրանց մի մասը որոշեց դառնալ արտախորհրդարանական ընդդիմություն և քննադատել գերագույն իշխանություններին, մինչդեռ դեմոկրատների մյուս մասը հրաժարվեց բոյկոտի քաղաքականությունից:
Մեջլիսի նախագահ Մեհդի Քյարրուբին հայտարարեց, որ թեև ընտրություններն անարդար են, սակայն պետք է մասնակցել դրանց: Խաթամին ևս դիմեց ազգին՝ կոչ անելով կատարել իրենց քաղաքացիական պարտքը: 2005 թ. հունիսին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթանակ տարավ Մահմուդ Ահմադինեժադը:
Add new comment