Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու պայմանավորվածություն չի եղել․ ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն արձանագրում է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի միջազգային կարգավիճակի թեման փակելու որևէ պայմանավորվածություն չի եղել։
«Արմենպրես»-ին տված հարցազրույցում Արցախի նախագահը շեշտում է՝ ոչ ոք չպետք է մոռանա, որ հակամարտությունը ծագել է Արցախի կարգավիճակի շուրջ վեճի արդյունքում, ինչն էլ ի սկզբանե ճանաչվել է ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից։
Հարցազրույցում Արցախի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը, Ադրբեջանի նախագահի վերջին ագրեսիվ հայտարարություններին և Արցախի ժողովրդին ուղղված սպառնալիքներին, ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե Լաչինի միջանցքը բացառապես հումանիտար բեռների տեղափոխման համար է։
-Պարո՛ն նախագահ, ինչպե՞ս եք գնահատում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Նախևառաջ, կարևոր է հստակեցնել, որ Արցախ-Հայաստան ճանապարհին արդեն ադրբեջանական երկու ապօրինի անցակետ է գործում, մեկը՝ Հակարիի կամրջի մոտ ապրիլի 23-ից, իսկ մյուսը՝ Շուշիի մոտ, որտեղ ապրիլի 28-ին ադրբեջանցի ոստիկանները փոխարինել են դեկտեմբերի 12-ից ճանապարհն արգելափակած Ադրբեջանի կառավարության՝ քաղաքացիական հագուստով գործակալներին կամ «էկոահաբեկիչներին»: Ուստի, անկախ այն հանգամանքից, որ Հակարիի կամրջի մոտ տեղադրված ապօրինի անցակետում ադրբեջանական կողմն իբր «սահմանային վերահսկողություն» է ձևացնում, Արցախի շրջափակումը ոչ միայն շարունակվում է, այլև ժամանակի ընթացքում անվտանգային ռիսկերն ու հումանիտար հիմնախնդիրներն ավելի են սրվում Ադրբեջանի ագրեսիվ վարքի պատճառով:
-Իմ գնահատականն արտացոլված է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի ապրիլի 23-ի հայտարարության մեջ, որով բացարձակ անընդունելի ենք համարել ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող ու միջազգայնորեն ճանաչված Լաչինի (Քաշաթաղի) միջանցքի արգելափակումը և այնտեղ անցակետի տեղադրումը։ Այդ քայլով Ադրբեջանն Արցախի ժողովրդին վերջնականապես դարձրել է պատանդ իր ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով, իսկ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հետագա գործողությունը դրել լուրջ վտանգի տակ։ Դիմել ենք նաև եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակումը վերացնելու, ադրբեջանական անցակետը հանելու և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքներ ապահովելու պահանջներով։ Դեռևս ակնկալում ենք գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծառացած անվտանգային և հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ:
Անընդունելի ու ցավալի է, որ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարության դրույթները, այլև չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումները: Ուստի մեր հիմնավոր ակնկալիքն է միջազգային հանրության բոլոր պատասխանատու դերակատարներից՝ պատշաճ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա նշված պարտավորությունների անհապաղ ու ամբողջական կատարման նպատակով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Add new comment