Իլհամ Ալիևը մատնանշել է «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը
«Զանգեզուրի միջանցքը» մեծ ներուժ ունի և կարող է դառնալ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի շարունակություններից մեկը, ինչպես նաև «Հյուսիս-հարավ» միջանցքի մի մասը։
Այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը մայիսի 3-ին Շուշիում կայացած «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովում, որը նվիրված էր Հեյդար Ալիևի 100-ամյակին։
Ալիևը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի համար, այլև համաշխարհային մասշտաբով։ «Որովհետև մենք ակնկալում ենք բեռների քանակի ավելացում, բեռների ծավալների ավելացում։ Ինչքան շատ ճանապարհ ունենանք, այնքան լավ»,- ընդգծել է նա։
Ադրբեջանի նախագահն անդրադարձել է «Միջին միջանցքին»՝ նշելով, որ իրենք լիովին աջակցում են այս նախագծին, որը մեծ ներուժ ունի։
«Կարծում եմ, որ մեզ համար կարևոր է հասկանալ, որ մենք պետք է ոչ միայն տարանցիկ ճանապարհ լինենք բեռների համար, այլև օգտագործենք այս հնարավորությունը երթուղու երկայնքով բիզնես ակտիվությունը խթանելու համար։ Կարծում եմ, որ «Միջին միջանցքին» մասնակցող բոլոր երկրների համար կարևոր կլինի ոչ միայն տարանցիկ վճարներից գումար վաստակել, այլ նաև օգտագործել այս հնարավորությունը՝ խթանելու տեղական արտադրությունը»,- ընդգծել է Բաքվի բռնապետը։
Add new comment