Իրանի նախագահը սիրիական հակամարտության մեկնարկից հետո առաջին անգամ այցելել է Սիրիա
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին պաշտոնական այցով մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ Ռայիսին Սիրիա է մեկնել նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով։ Այցի ընթացքում Իրանի նախագահին ուղեկցում են չորս նախարար, Իրանի կենտրոնական բանկի նախագահը, Ռայիսիի աշխատակազմի ղեկավարը և գլխավոր քաղաքական խորհրդականը:
Դամասկոսի միջազգային օդանավակայանում Ռայիսիին դիմավորել է Սիրիայի էկոնոմիկայի նախարար Մուհամեդ Սամեր ալ Խալիլը։ Իրանի և Սիրիայի նախագահների միջև պաշտոնական բանակցություններ կանցկացվեն երկու երկրների ռազմավարական համագործակցությունն ամրապնդելու շուրջ։
Ակնկալվում է, որ Ռայիսիի այցի ընթացքում Իրանի և Սիրիայի միջև մեծ թվով պայմանագրեր ու փոխըմբռնման հուշագրեր կստորագրվեն։
#Դետքի_հետագծով
2011 թվականին մեկնարկած սիրիական հակամարտությունից հետո սա Իրանի նախագահի առաջին այցն է Սիրիա, որը չափազանց կարևոր նշանակություն ունի։ Նախորդ մեկ տասնամյակի ընթացքում Իրանը Ռուսաստանի հետ միասին ամեն կերպ աջակցել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգին, որպեսզի վերջինս կարողանա պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։
Բացի դրանից՝ Իրանը Ռուսաստանի և Թուրքիայի հետ միասին Աստանայի գործընթացի երկրներից մեկն է, որն ուղղված է սիրիական հակամարտության վերջնական կարգավորմանը։ Այս համատեքստում Իրանը և Ռուսաստանը փորձում են ամեն կերպ հասնել թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը։
Add new comment