Թեհրանն արձագանքել է Ռայիսիի՝ Սիրիա կատարած այցի վերաբերյալ Վաշինգտոնի քննադատությանը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին արձագանքել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի՝ Սիրիա կատարած այցի կապակցությամբ ամերիկյան կողմի քննադատությանը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Քանաանին գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։
Քանաանին շեշտել է, որ ԱՄՆ-ն իր վրդովմունքն ու նյարդայնությունն է հայտնել Իրանի նախագահի՝ Սիրիա կատարած այցի և դրա արդյունքների վերաբերյալ։
«Բնական է, որ այն չար ռեժիմը, որը դարեր շարունակ ոչնչացվել է Սիրիայում և ողջ տարածաշրջանում Իրանի ու դիմադրության առանցքի կողմից, կտապալվի, և այն պետք է դադարեցնի իր ագրեսիվ ներկայությունը Սիրիայում»,- գրել է նա։
Նշենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի օգնականը մտահոգություն էր հայտնել Թեհրանի և Դամասկոսի միջև հարաբերությունների խորացման կապակցությամբ՝ համարելով, որ այդ հարաբերությունների ընդլայնումն անհանգստացնում է ԱՄՆ-ին և տարածաշրջանի երկրներին։
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրավերով պաշտոնական այցով մեկնել էր Սիրիա։
#Դետքի_հետագծով
Իրանի և Սիրիայի միջև հարաբերությունների խորացումն անհանգստացնում է Միացյալ Նահանգներին, որը սիրիական հակամարտության մեկնարկից ի վեր փորձել է տապալել այդ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգը, սակայն չի հաջողել այդ հարցում։ Հակամարտության ողջ ընթացքում Իրանը և Ռուսաստանն աջակցել են Ասադին, ինչի շնորհիվ վերջինս կարողացել է պահպանել իր իշխանությունն ու երկրի տարածքի մեծ մասը։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն փորձում է ամեն կերպ խոչընդոտել, որ այլ երկրներ նույնպես չկարգավորեն իրենց հարաբերությունները Սիրիայի հետ։
Add new comment