DETQ

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ. Կարսի ազատագրումը և Կարսի մարզը Հայաստանի Հանրապետության կազմում 1919-1920 թթ.

Չնայած իր գոյության կարճատև ընթացքին և երկրում առկա սոցիալ-տնտեսական չափազանց ծանր իրավիճակին՝ Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցել է նաև պատմության փառավոր էջեր, երբ նորաստեղծ հայկական բանակը կարողացել է որոշ կորսված տարածքներ վերադարձնել իր վերահսկողության տակ։ Անշուշտ նման փառավոր էջերից մեկն էլ 1919 թվականի ապրիլի 23-ին Կարսի ազատագրումն էր, որի շնորհիվ Կարսի մարզն անցավ Հայաստանի վերահսկողության տակ, ցավոք կարճ ժամանակով։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք «ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» շարքի նախորդ հոդվածներում, Բաթումի պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանին մնացել էր չափազանց փոքր տարածք։ Այս իրավիճակը շարունակվում է մինչև 1918 թվականի հոկտեմբերի 30-ը, երբ Թուրքիան պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում, և չեղարկվեցին վերջինիս ստորագրած բոլոր պայմանագրերը։

Միևնույն ժամանակ թուրքական զորքերը չէին շտապում կատարել իրենց պարտավորությունները և դուրս գալ Կարսից ու Ալեքսանդրապոլից։ Թուրքական ներկայության ամեն օրը ծանր հարված էր Հայաստանի քայքայված տնտեսությանը. Կարսում եղած հացահատիկի հարուստ պաշարները չէին հասնում Հայաստան, իսկ հեռացող բանակն իր հետ տանում էր մարզից թալանված գույքը։ Բացի դրանից՝ քանի թուրքական բանակը Կարսում և Ալեքսանդրապոլում էր, հայ գաղթականները չէին կարող վերադառնալ իրենց տները, ինչը մեծ դժվարություններ էր ստեղծում Հայաստանի կառավարության համար։

1918-ի դեկտեմբերի սկզբին միայն հայկական զորամասերը կարողանում են մուտք գործել Ալեքսանդրապոլ։ «Դրոն, հայ զորքերու գլուխն անցած, դեկտեմբերի 6-ին մտավ Ալեքսանդրապոլ, որ մաքրված էր թուրքերեն։ Մենք կձգտեինք օր առաջ մտնել Կարս, և կպահանջեինք, որ թուրքերն անմիջապես թողուն Կարսը, բայց մեր ճիգերը ապարդյուն անցան»,- գրում է Ալեքսանդր Խատիսյանը։

1918 թվականի ապրիլին Կարսի կորստից հետո փախստական հայերը սփռվել էին Հայաստանի ու Վրաստանի տարբեր շրջաններում և ծանր պայմաններում փորձում էին գոյատևել։ Արձակագիր Ատրպետի (Սարգիս Մուբայաջյան) տվյալներով՝ Կարս քաղաքի, Արդահանի, Օլթիի, Կաղզվանի և Սարիղամիշի շրջաններից թուրքական զավթումից հետո հեռացել էր ավելի քան 60 հազար հայ։ Նրա խոսքով՝ գաղթական հայերը չէին կարողանում վերադառնալ իրենց տները, քանի որ դրան խոչընդոտում էր Կարսում հաստատված Շևքի փաշան։

1918 թվականի վերջին թուրքական բանակը սկսում է հեռանալ նաև Կարսից, ինչը սակայն չէր նշանակում, որ նրանք հրաժարվում էին իրենց հավակնություններից։ Կարսում թուրքական իշխանության ջանքերով ստեղծվում էին մուսուլմանական կառույցներ, որոնք ամեն կերպ պետք է խոչընդոտեին հայերի մուտքն իրենց հայրենի քաղաք։ Նման կազմակերպություններից մեկն էլ Կարսի իսլամական խորհուրդն էր, որը հետագայում կոչվում է Կարսի իսլամական ազգային կոմիտե՝ Ազգային խորհուրդ։

1919 թվականի հունվարի 8-ին Անդրկովկասում անգլիական զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Ուոքերը Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համաձայնագիր է կնքում, որով Կարսի մարզը հանձնվում էր Հայաստանի Հանրապետությանը։ Միևնույն ժամանակ բրիտանացիները խոչընդոտում են հայկական ուժերի առաջխաղացումը դեպի Կարս։ Պատճառը Կարսում գործող Իսլամական խորհրդի անհանդուրժող դիրքորոշումն էր Հայաստանի իշխանությունների նկատմամբ, և անգլիացիները զգուշանում էին հնարավոր բախումներից ու ռազմական գործողությունների վերսկսումից։

Արդեն 1919 թվականի ապրիլի սկզբին բրիտանական քաղաքականությունը փոխվում է. եթե նախկինում անգլիացիները փորձում էին տեղի թաթարներին ու թուրքերին սիրաշահել, ապա մարտի վերջին սկսում են հասկանալ, որ Կարսի և Նախիջևանի շրջանների անհնազանդությունը կազմակերպվում է թուրքական աջակցությամբ, ինչը չէր բխում բրիտանական քաղաքականության շահերից։ Միաժամանակ Կարսի մուսուլմաններն անթաքույց զենք էին բարձրացնում բրիտանացիների դեմ՝ սպառնալով խռովությամբ ու ռազմական դիմակայությամբ։

Ապրիլի սկզբին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում քննարկվում է գեներալ Թոմսոնի հրավերը և որոշվում Ալեքսանդր Խատիսյանին գործուղել Թիֆլիս։ Վերջինս այնտեղ պետք է փորձեր ստանալ «Շորագյալի (Շիրակ) և Նախիջևանի շրջանները գրավելու իրավունքը»։

1919 թ. ապրիլի 12-ին Հայաստանի կառավարությունը կրկին քննարկում և ընդունում է Թոմսոնի առաջարկները, այն է՝ զորքով ու գաղթականներով մտնել Կարսի, Շարուրի և Նախիջևանի շրջանները։ Կառավարության որոշմանն առարկություններ է ներկայացնում պարենավորման նախարար Քրիստափոր Վերմիշյանը։ Նա առաջարկում էր համոզել անգլիացիներին ավելի երկար ժամանակ զորքը պահել շրջաններում, իսկ գաղթականների մուտքը հետաձգել մինչև հայկական ռազմական ներկայության վերջնական ամրապնդումը։

Հայաստանի կառավարությունը Ներքին գործերի նախարարությանը հանձնարարում է Կարսի շրջանում հիմնել քաղաքացիական վարչություն, ինչպես նաև կազմել հատուկ հանձնաժողով, որը պետք է ցուցակագրեր և պահպաներ Կարսում մնացած գույքը։ Նահանգապետ Ստեփան Ղորղանյանը, որը հունվարի վերջին ստիպված վերադարձել էր Երևան, ապրիլին կրկին պատրաստվում է մեկնել Կարս։

1919 թվականի ապրիլի սկզբին Բաթումում տեղի է ունենում անգլիական զինվորական հրամանատարության խորհրդակցությունը, որտեղ էլ վճռվում է Կարսի ու Նախիջևանի ճակատագիրը։ Խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվում վերացնել Նախիջևանի զինվորական վարչությունը և շրջանը հանձնել հայկական կառավարությանը, ինչպես նաև թույլատրել բրիտանական զորքերի դուրսբերումը մինչև ապրիլի 30-ը։ Դա պետք է կատարվեր՝ «խորհրդակցելով հայկական կառավարության հետ և Կարսի իսլամական խորհրդի ձերբակալությունից հետո»։

1919 թ. ապրիլի 17-ին Թիֆլիսում լույս տեսնող «Աշխատավոր» թերթը «Ավազակապետների Հանրապետության վախճանը» հոդվածում գրում էր, որ անգլիական զինվորական հրամանատարության կարգադրությամբ ձերբակալված է Կարսի, Կաղզվանի և Արդահանի շրջանների «Հարավարևելյան հանրապետության կառավարությունը»։

Ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը լսում է Խատիսյանի զեկույցն անգլիացիների հետ Թիֆլիսում տեղի ունեցած հանդիպումների ու քննարկումների արդյունքների մասին։ Որոշվում է անհապաղ անցնել Կարսի ազատագրմանը, ինչպես նաև գաղթականության վերադարձին։ Շուտով Կարսի նահանգապետը քաղաքացիական ու զինվորական իշխանության ներկայացուցիչների հետ Ալեքսանդրապոլից ուղղություն է վերցնում դեպի Կարս։

Ստեփան Ղորղանյանը երկար սպասված իրադարձությունն այսպես է նկարագրում.

«Ապրիլի 19, Մեծ Զատկի թաթախման օրը, հազարավոր ամբոխի բարեմաղթությունների ուղեկցությամբ, իմ հատուկ գնացքը շարժվեց Ալեքսանդրապոլից դեպի հռչակավոր Արփաչայ։ Այս անգամ պատկերը արդեն այլ էր։ Նույն թուրքերի ավելի մեծ բազմություն, նույն ծանոթ, բայց այս անգամ արդեն աղերսող դեմքեր...

Ալեքսանդրապոլից մինչև Կարս ճանապարհը նման էր մի մեծ հուշարձանի, որ վկա էր մեծ ավերմունքի ու թալանի։ Ճանապարհի աջ ու ձախ կողմերում ընկած էին բազմաթիվ լոկոմոտիվներ, հարյուրավոր ջարդված վագոններ, ավտոմոբիլներ, ցեմենտով լի տակառներ, բամբակի վիթխարի հակեր «Торговый дом бр. Африкянъ» դրոշմով, փամփուշտով լի հազարավոր արկղեր և այլ ռազմամթերք, իսկ կայարաններում մեծ պահեստներ, ուր թե՛ թուրք զորամասերը և թե՛ տեղական թուրքերը կուտակել էին ռուս իշխանության մեր հարստությունը՝ մեքենաներ, գործիքներ, երկաթ, հացահատիկ, մամլած խոտի լեռներ և այլն»։

Հայկական զորքերի մուտքից մի քանի օր անց արդեն Կարսից դուրս են բերվում 19 վագոն հրետանի և ռազմամթերք, որոնցից երկուսը հանձնվում են հայկական բանակին։ Ապրիլի 20-ից սկսվում է գնացքների երթևեկությունը դեպի Ալեքսանդրապոլ և Թիֆլիս։

Կարսն ամբողջությամբ հայկական կողմի վերահսկողության տակ է անցնում ապրիլի 23-ին։ Քաղաքացիական իշխանության հետ միասին Կարս է ժամանում հայկական զինվորական ղեկավարությունը գեներալ Հովսեփյանի հրամանատարությամբ։ Ժամանելուց անմիջապես հետո գեներալը Կարսի զինվորականների ու բնակչության համար հայերեն, ռուսերեն, թուրքերեն կոչ է հրապարակում։ Դիմելով զինվորներին ու սպաներին՝ Հովսեփյանն ասում էր, որ նրանք Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն են և պետք է «ազնվորեն ու անձնուրաց պաշտպանեն Հանրապետության բոլոր քաղաքացիների կյանքն ու գույքը՝ առանց ազգի խտրականության»։ Միաժամանակ գեներալը զգուշացնում էր, որ ցանկացած օրինախախտություն, իշխանության չարաշահում պատժվելու է զինվորական ողջ խստությամբ՝ ընդհուպ գնդակահարություն։ Խաղաղ բնակչությանն ուղղված  հրամանում ասվում էր, որ բոլորը, անկախ ազգային պատկանելությունից, պետք է ենթարկվեն հայկական իշխանությանը. «Դարավոր հարևանները նորեն պիտի վերադառնան բարեկամական կենակցության։ Բոլոր հողերը, ում կողմից ուզում է զավթված լինի մեր Հանրապետության ամբողջ տերիտորիայի վրա, պետք է վերադարձվեն իրենց նախկին տերերին։ Ամեն մի քաղաքացու դեմ, լինի նա հայ, թե թուրք, որ կհամարձակվի հակառակել ամբողջ աշխատավոր ժողովրդի այս ամենաօրինական պահանջի անհապաղ կատարմանը, իմ կողմից ձեռք կառնվեն ամենավճռական միջոցներ՝ մինչև մահապատիժ»։

Կարսի հայկական իշխանությունը կազմված էր քաղաքացիական նահանգապետից, զինվորական ընդհանուր և Կարսի բերդի հրամանատարներից։

Կարսը Հայաստանի Հանրապետության կազմում մնաց մինչև 1920 թվականի հոկտեմբերի 30-ը, երբ թուրք-հայկական պատերազմում թուրքական կողմին հաջողվեց կրկին գրավել հայոց բերդաքաղաքը։

 

Add new comment