Submitted by D.Guyumjyan on
DETQ

Իրանը նախատեսում է կառուցել աննախադեպ կարողություններով ավիակիր

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին հայտարարել է, որ իրանցի փորձագետները նախատեսում են աննախադեպ կարողություններով ավիակիր կառուցել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Թանգսիրին ընդգծել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը մշտապես բարձրացնում են սարքավորումների և սպառազինությունների մակարդակը, երբ դա անհրաժեշտ է: Նա նշել է, որ նախատեսվող ավիակիրը լինելու է աննախադեպ հնարավորություններով։ «Մեր ներկայիս ամենակարևոր ծրագրերից մեկն ավիակիր կառուցելն է, այս նավը եզակի կլինի աշխարհում»,- հայտնել է նա։

ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ նոր ավիակիրը, բացի ինքնաթիռներ կրելուց, հնարավորություն կունենա կրելու մեծ քանակությամբ հրթիռային կայանքներ, ինչն այն կդարձնի եզակի։ Նրա խոսքով՝ ԻՀՊԿ-ն ռազմանավերի կառուցման ոլորտում լավ փորձ ունի և այդ փորձը մշտապես օգտագործում է Իրանի շահերի համար։

Նա հավելել է, որ «Շահիդ Սոլեյմանի» ռազմանավը ռազմանավերի արտադրության ոլորտում Իսլամական Հանրապետության հերթական հաջող փորձն է, որը կարող է ինքնուրույն իրականացնել շուրջ 5500 ծովային մղոն առաքելություն: Թանգսիրիի խոսքով՝ այս նավը նախագծված է հատուկ հնարավորություններով և կարող է առանց ցնցումների շարունակել իր առաքելությունը նաև անհանգիստ ծովերում։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության համար չափազանց կարևոր նշանակություն ունի իր ծովային սահմանների անվտանգությունը, քանի որ իր թշնամի երկրները մշտապես այդ ուղղությամբ սադրանքներ են իրականացնում։ Նման ավիակիրների կառուցմամբ և կիրառմամբ իրանական կողմը բարձրացնում է իր ծովային ուժերի մարտունակությունը և կանխում թշնամական երկրների հնարավոր սադրանքները։

Add new comment