Մամլուք-խաչակիրներ ռազմական հակամարտությունը

Մամլուք-խաչակիրներ ռազմական հակամարտությունը

Մամլուք-խաչակիրներ ռազմական հակամարտությունը

Տարածաշրջանում խաչակիրների ներկայությունը խոչընդոտ էր մամլուքների գործունեության համար: Սուլթան Բայբարսը ցանկանում է պատժել Բոհեմունդ 6-րդին Ջալութի ճակատամարտում մոնղոլներին աջակցելու համար և զորքի գլուխն անցած՝ արշավում է Անտիոք: Երկար պաշարումից հետո խաչակիրները հաշտություն են խնդրում: Բայբարսը համաձայնվում է նրանց մոտ եղած մուսուլման գերիներին հանձնելու պայմանով, սակայն խաչակիրները հրաժարվում են: Բայբարսը վրդովված 1263 թ. հարձակվում է Աքքայի վրա, սակայն չի կարողանում գրավել այն:

1265 թ. նա հարձակվում է Կեսարիայի վրա, գրավում այն, ավերում քաղաքն ու ամրոցը: Երեք օր հետո սուլթանը, զորքերի գլուխն անցած, շարժվում է դեպի Արսուֆ. 40-օրյա պաշարումից հետո քաղաքը հանձնվում է, որից հետո այլևս չի վերականգնվում: 1266 թ. Բայբարսը հրամայում է պատրաստվել նոր արշավանքի, ամռան սկզբին հարձակվում և գրավում է մարտավարական կարևոր նշանակություն ունեցող Սաֆադ հենակետ-ամրոցը, որը համարվում էր խաչակիրների ամենավտանգավոր ամրոցներից մեկը: Այս հաղթանակից հետո թուլանում են խաչակիրների դիրքերը, և շատերը ներում ու հաշտություն են խնդրում սուլթանից:

1268 թ. Բայբարսը հասնում է Յաֆա և կես օրվա ընթացքում առանց ջանքերի գրավում այն, ապա հարվածն ուղղում է խաչակրաց պետություններից Անտիոքի իշխանապետությանը: Բայբարսը զորքը բաժանում է երեք մասի և 1268 թ. մայիսին հայտնվում Անտիոքի պարիսպների մոտ: Խաչակիրները չեն կարողանում դիմակայել: Շուտով մամլուքները մագլցում են պարիսպների վրա և մտնում քաղաք: Անտիոքի իշխանապետությունն այնքան հարուստ էր, որ նրա զորքերը Բայբարսի արշավանքներից ոչ մեկից այդպիսի անհամար ավարով չէին վերադարձել: Անտիոքն ընկնում է, և Բայբարսը հրամայում է այրել ամրոցը: Անտիոքի կործանումը կարևոր իրադարձություն էր խաչակիրների պատմության մեջ:

Բայբարսը վերադառնում է Եգիպտոս և պատրաստվում իր հաջորդ քայլերին: 1271 թ. Բաալբակի ճանապարհով հարձակվում է Աքրադի վրա և երեք շաբաթ պաշարում այն: Նա դիմում է խորամանկության՝ Տրիպոլիի կոմսության անունից կեղծ նամակ ուղարկելով ամրոց, որտեղ պահանջվում էր հանձնվել: Այդ քայլը հաջողվում է, և բերդը հանձնում են մամլուքներին: Աքրադից հետո նա շտապում է Աքքար: Բերդի 9-օրյա պաշարումն ուղեկցվում է փոխադարձ բախումներով, և մամլուքները կարողանում են ավերել բերդի արևելյան պարիսպները: Պաշարվածները հաշտություն են խնդրում՝ այն պայմանով, որ նրանց թույլ տրվի ազատ հեռանալ բերդից: Բայբարսը համաձայնվում է, և երկու շաբաթվա պաշարումից հետո բերդը հանձնվում է: Բայբարսը շարժվում է Տրիպոլի, սակայն շուտով տեղեկանում է, որ Անգլիայի թագաժառանգ Էդուարդը ժամանել է Աքքա և հաշտության պայմանագրով դիմում է Բայբարսին, ըստ որի՝ վերջինիս և Բոհեմունդ 6-րդի միջև կնքվում է 10 տարվա խաղաղության պայմանագիր, որով սուլթանը պարտավորվում է վերակառուցել Աքրադ և Աքքար բերդերը:

1277-ին մահանում է Բայբարսը, որն իսլամական պատմության մեջ համարվում է երկրորդ Սալահ ադ-Դինը: Նրան հաջորդում է Կալաուն ալ-Ալֆին, որը 1289 թ. արշավում է դեպի Տրիպոլիի դքսություն: Կալաունը պաշարում է Տրիպոլին մեծաթիվ զորքերով և քարանետ մեքենաներով: Պաշարումն այնքան ուժեղ էր, որ շուտով քաղաքում սով է սկսվում, մամլուքները քարանետ մեքենաներով հողին են հավասարեցնում երկու աշտարակ, որի պաշտպանները, խուճապի մատնվելով, նահանջում են: Մամլուքները նվաճում են ավերված պարիսպները և ապրիլի 26-ին գրավում քաղաքը:

Մեկ տարի անց՝ 1290 թ., սուլթան Կալաունը տեղեկանում է, որ Աքքայում հարձակվել են մուսուլման վաճառականների վրա, թալանել նրանց ու սպանել, և սա առիթ է հանդիսանում իրականացնելու իր վաղեմի երազանքը: Բայց մահը խանգարում է նրան, և նրա որդի Ալ-Աշրաֆ Խալիլ իբն Կալաունը 1291 թ. ապրիլի սկզբին պաշարում է Աքքան: Խաչակիրներն անկարող էին երկար դիմակայել մամլուքյան զորքերին ու նրանց զենքերին: Մայիսի 18-ի դրությամբ քաղաքն ամբողջությամբ անցնում է մամլուքներին: Բնակչության մի մասը կարողանում է փախուստի դիմել, մի մասը սպանվում է և գերեվարվում:

Աքքայի ճակատամարտով անկում է ապրում Երուսաղեմի թագավորությունը: Աքքայի գրավումից հետո մամլուքյան զորքն Ալ-Աշրաֆի գլխավորությամբ ազատագրում է Երուսաղեմը և շարժվում դեպի հյուսիս: Արաբական հողերի վրա խաչակիրներին էր մնացել միայն Արուադ կղզու բերդը, և սուլթան Ան-Նասիրը որոշում է հետ գրավել այդ կղզին: Նա պատրաստում է նավատորմը, և 1302 թ. այն շարժվում է դեպի Տրիպոլիի նավահանգիստ, այնտեղից էլ՝ Արուադ կղզի, որտեղ կարողանում է ավերել պարիսպները, գրավել կղզին, բնակչության մի մասին սպանել, իսկ մի մասին՝ գերի վերցնել: Եվ այսպիսով մամլուքյան սուլթանությունը կարողանում է վերջ դնել Արևելքում խաչակիրների գոյությանը և ազատագրել իսլամական հողերը:

 

Add new comment