Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Թուրքիայի և Սիրիայի միջև. Ռայիսի
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Թուրքիայի և Սիրիայի միջև։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Ռայիսին ասել է սիրիական պետական SANA լրատվական գործակալությանը և «Աս-Սուրիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Ռայիսին շեշտել է, որ ամերիկացիները գրավել են Սիրիայի որոշ հատվածներ, որպեսզի թալանեն երկրի ազգային հարստությունը՝ փորձելով հասնել իրենց նպատակներին, որոնք չեն կարողացել իրագործել ահաբեկչության միջոցով։ Նա վստահ է, որ Սիրիայի ժողովրդի դիմադրությունը կկործանի այդ ծրագրերը, և Սիրիան անպայման կհաղթի։
Իրանի նախագահի համոզմամբ՝ Սիրիայի և նրա հարևան պետությունների միջև խնդիրների լուծման միակ ճանապարհը սիրիական բոլոր տարածքների վերադարձն է Դամասկոսի իշխանությանը։ Նա ընդգծել է, որ Սիրիայի տարածքում ոչ մի տեղ չպետք է լինեն թուրքական զորքեր։
Անդրադառնալով իրանա-սիրիական հարաբերություններին՝ Էբրահիմ Ռայիսին նկատել է, որ դրանք նոր ձև են ստացել Իրանում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո։
Ռայիսին հատուկ ուշադրություն է հրավիրել Սիրիայի նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի հաստատակամ դիրքորոշման վրա՝ ի պաշտպանություն պաղեստինյան հարցի և դիմադրության առանցքի։ Նա հավելել է, որ Հաֆեզ ալ-Ասադը (Բաշար ալ-Ասադի հայրը -խմբ․) ընդդիմացել է սիոնիստական ռեժիմի ձևավորմանը, իսկ ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը հավատարիմ է մնացել այդ դիրքորոշմանը։
#Դետքի_հետագծով
Սիրիայի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չափազանց լուրջ խնդիր է Սիրիայի տարածքում թուրքական զորքերի առկայությունը, որոնք, օգտվելով այդ երկրում ստեղծված ներքաղաքական անկայունությունից, նախորդ տարիներին ներխուժել են այնտեղ և որոշակի տարածքներ օկուպացրել։ Պաշտոնական Դամասկոսը հարաբերությունների կարգավորման համար Անկարայից պահանջում է իր զորքերն ամբողջովին դուրս բերել երկրի տարածքից, ինչը թուրքական կողմը չի շտապում կատարել։
Միևնույն ժամանակ Թուրքիան փորձում է փոխել իր վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքների ժողովրդագրական պատկերը՝ հետագայում այնտեղ կեղծ հանրաքվեներ անցկացնելու և այդ տարածքներն իրեն բռնակցելու համար, ինչի փորձը նախկինում ունեցել է։
Add new comment