Submitted by D.Guyumjyan on
DETQ

Քանաանին դատապարտել է Շվեդիայի խորհրդարանի կողմից ԻՀՊԿ-ի ներառումն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին դատապարտել է Շվեդիայի խորհրդարանի կողմից Իրանի Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի ներառումն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Քանաանին Շվեդիայի իշխանություններին խորհուրդ է տվել չընկնել Թեհրան-Ստոկհոլմ հարաբերությունների թշնամիների թակարդը։ Նա շեշտել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օրինական և պաշտոնական ինքնություն ունեցող պետական մարմին է, որն Իրանի զինված այլ ուժերի հետ միասին պատասխանատու է երկրի անվտանգության ապահովման համար:

Իրանցի պաշտոնյան նշել է, որ ԻՀՊԿ-ն առաջատար դեր է խաղացել Իրանի և ողջ տարածաշրջանի անվտանգության ու պաշտպանության հարցում։

Բացի դրանից՝ Քանաանին նկատել է, որ հակաիրանական նման քայլը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին, այդ թվում՝ ինքնիշխանների իրավահավասարությանը և այլ երկրների ներքին գործերին չմիջամտելուն: Նա Շվեդիայի իշխանությունների այդ քայլը որակել է նաև որպես Իրանի ինքնիշխանության և ազգային անվտանգության ոտնահարման օրինակ։

Վերջինս միևնույն ժամանակ Շվեդիայի կառավարությանը խորհուրդ է տվել չզոհաբերել Շվեդիայի ազգային շահերը և երկու երկրների երկարամյա հարաբերությունները՝ հանուն ահաբեկիչների և սիոնիստական ռեժիմի ու Իրանի ազգի թշնամիների շահերի ապահովման։

#Դետքի_հետագծով

Եվրոպական տարբեր պետությունների կողմից պարբերաբար, բացի Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումից, ահաբեկչական կազմակերպությունների ցանկում է ընդգրկվում նաև Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսը։ Այս քայլը բնականաբար արժանանում է պաշտոնական Թեհրանի խիստ հակազդեցությանը, քանի որ ԻՀՊԿ-ն Իրանի կարևոր պետական կառույցներից մեկն է, որը պահպանում է երկրի կայունությունն ու անվտանգությունը։

Add new comment