Submitted by D.Guyumjyan on
DETQ

Աքարն ակնկալում է, որ Հայաստանը կսեղմի Թուրքիայի և Ադրբեջանի մեկնած խաղաղության ձեռքը

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը միասնաբար Հայաստանին խաղաղության ձեռք են մեկնել և ակնկալում են, որ Հայաստանը կսեղմի այդ ձեռքը։ Ըստ «Դետք»-ի՝ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Աքարն այս մասին ասել է «Անատոլիական արծիվ-2023» ուսումնական զորավարժության Բարձր մակարդակի դիտարկման օրվա ընթացքում իր ունեցած ելույթում։

«Մենք խաղաղություն ենք ցանկանում։ Եթե մենք՝ Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը, խաղաղության մեջ մտնենք, մեզ միանան նաև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, ապա դա Կովկասում խաղաղության միջավայր կստեղծի»,- ասել է Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Վերջինս միևնույն ժամանակ պնդել է, թե իբր Հայաստանն ինքնուրույն երկիր չէ և շարժվում է ուրիշների թելադրանքով: Նա միևնույն ժամանակ Հայաստանին հորդորել է գիտակցել սեփական շահը և չառաջնորդվել այլ երկրների թելադրանքով։

Զորավարժությանը մասնակցել են Ադրբեջանի, ԱՄԷ-ի, Անգլիայի, Կատարի, Պակիստանի և ՆԱՏՕ-ի, Թուրքիայի ՌՕՈՒ և ՌԾՈՒ տարրերը։ Դիտորդի կարգավիճակով մասնակցություն են ապահովել ԱՄՆ-ն, Ավստրալիան, Եթովպիան, Մարոկկոն, Ֆրանսիան, Վրաստանը, Ղրղզստանը, Հյուսիսային Մակեդոնիան, Լիբիան, Մալայզիան և Օմանը։

#Դետքի_հետագծով

Թուրքիան և Ադրբեջանը միջազգային հանրությանը ցանկանում են համոզել, որ իրենք կողմնակից են խաղաղության, իսկ Հայաստանը սադրանքներ է կատարում։ Այս համատեքստում թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացրած խաղաղության լավագույն վկայությունն Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներն են, որոնց արդյունքում մշտապես լինում են զոհեր և վիրավորներ։ 

Add new comment