Submitted by D.Guyumjyan on
DETQ

Աբդոլլահիանը շեշտել է, որ մոսկովյան հանդիպումը դրական քայլ է Սիրիայի և Թուրքիայի մերձեցման համար  

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ Մոսկվայում Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև կայացած քառակողմ հանդիպումը դրական քայլ էր Թուրքիայի և Սիրիայի տեսակետները միմյանց մոտեցնելու ուղղությամբ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Mehr» լրատվական գործակալությունը։

Աբդոլլահիանը շեշտել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի հետ Իրանի հարաբերություններում շատ լավ առաջընթաց է գրանցվել։ Նրա խոսքով՝ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունները, հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում։

Իրանի գլխավոր դիվանագետը հայտնել է, որ կողմերը դիտարկել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի միջև հանդիպում կազմակերպելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Մոսկվայում կայացել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների քառակողմ հանդիպումը։ Հանդիպման ավարտին արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ իրենց հավատարմությունը, ինչպես նաև հայտնել են, որ Դամասկոսի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով ճանապարհային քարտեզ է նախապատրաստվում։

#Դետքի_հետագծով

Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունները խզվել են դեռևս 2011 թվականից, երբ այդ երկրում մեկնարկած քաղաքացիական պատերազմի ժամանակ Էրդողանն ամեն կերպ աջակցում էր Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող խմբավորումներին։ Միևնույն ժամանակ Ռուսաստանն ու Իրանն ամեն կերպ աջակցում էին Ասադին, որպեսզի վերջինս պահպանի իր իշխանությունը և երկրի քաղաքական ամբողջականությունը։

Ներկայումս Ռուսաստանն ու Իրանը փորձում են ամեն կերպ նպաստել թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը։

Add new comment