Submitted by D.Guyumjyan on
DETQ

Չավուշօղլուն չի բացառում Էրդողան-Ասադ հանդիպման հնարավորությունը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն չի բացառել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական «A Haber» հեռուստաալիքի եթերում՝ մեկնաբանելով Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքները։

Չավուշօղլուն շեշտել է, որ կողմերը կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով անցկացվող բանակցությունները։ Նա միևնույն ժամանակ հնարավոր է համարել պետությունների ղեկավարների մակարդակով հանդիպման կազմակերպումը։

«Մենք կշարունակենք շփումներն արտգործնախարարների մակարդակով։ Այն բանից հետո, երբ կմշակվի ճանապարհային քարտեզը, և կձևավորվի անհրաժեշտ հիմքը, հնարավոր են բանակցություններ առաջնորդների մակարդակով»,- ասել է թուրք պաշտոնյան։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի Մոսկվայում կայացել է Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների քառակողմ հանդիպումը։

#Դետքի_հետագծով

Սկսած 2021 թվականից՝ Թուրքիայի իշխանությունները մեղմացրել են իրենց դիրքորոշումը Սիրիայի հարցում և չեն բացառում հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։ Անշուշտ այդ գործընթացում մեծ ջանքեր են գործադրել Ռուսաստանի Դաշնությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Միևնույն ժամանակ թուրք-սիրիական հարաբերություններում լուրջ խնդիր է Սիրիայի տարածքում թուրքական զորքերի ներկայությունը։ Սիրիական կողմը հարաբերությունների կարգավորման շրջանակում Անկարայից պահանջում է դուրս բերել զորքերը, մինչդեռ Անկարան չի շտապում կատարել այդ պահանջը։

 

 

Add new comment