Գերմանիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Անցյալ շաբաթ Գերմանիայի Նոյս քաղաքի մզկիթում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչը կոչ է արել ոչնչացնել քրդերին ու Գերմանիայում Գյուլենի կողմնակիցներին։ Նշենք, որ մզկիթի այցելուները «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական շարժման կողմնակիցներն են եղել։ Այս միջադեպն առաջացրել է հասարակության վրդովմունքը։ Մասնավորապես, Ամերիկայի հրեական կոմիտեի բեռլինյան գրասենյակը կոչ է արել Գերմանիայի իշխանություններին Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա կառուցման հարցում հաշվի առնել նման հայտարարությունները։ Միջադեպին արձագանքել է նաև Գերմանիայի ԱԳՆ-ն։ Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ Նոյսում Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի նման վարքագիծը չպետք է կրկնվի, իսկ ատելության խոսքը Գերմանիայում տեղ չունի։
«Արտաքին գործերի նախարարությունը դեսպանին բացատրել է, որ արտաքին ընտրական իրադարձությունները պետք է նախապես համաձայնեցվեն գերմանական կողմի հետ։ Եթե Թուրքիայի ներկայացուցիչները հավատարիմ չմնան կանոններին, ապա մենք ստիպված կլինենք ուսումնասիրել, թե ինչ հետևանքներ դրանք կարող են ունենալ»,- ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի «Թվիթերում» տարածված հաղորդագրության մեջ։
Add new comment