The role of the spiritual leader in the state administration system of Iran

Հոգևոր առաջնորդի դերն Իրանի պետական կառավարման համակարգում

Հոգևոր առաջնորդի դերն Իրանի պետական կառավարման համակարգում

Հոգևոր առաջնորդն ընտրվում է ցմահ՝ Փորձագետների խորհրդի (Մաջլես-է խոբրեգան) կողմից, որն Իրանի պետական կառավարման համակարգի առանցքային կառույցներից է: Իսլամական հեղափոխությունից ի վեր այն երկու կարևոր որոշում է կայացրել՝ 1986 թ. Հոսեյն Ալի Մոնթազերիին նշանակել է ԻԻՀ հիմնադիր Իմամ Խոմեյնիի փոխանորդ և 1989 թ. ներքաղաքական զարգացումների արդյունքում Ալի Խամենեիին ընտրել որպես հոգևոր առաջնորդ:

Փորձագետների խորհուրդը կազմված է 88 անդամից, որոնք, համաձայն Սահմանադրության, պետք է հավատարիմ լինեն իսլամական համակարգին, տիրապետեն իսլամական-շիայական ուսմունքին, որպեսզի իրավունք ստանան ընտրելու հոգևոր առաջնորդ, ապա՝ գնահատելու նրա գործունեությունը:

Հիմնական իրավունքները և պարտականությունները

Հոգևոր առաջնորդը, լինելով երկրի զինված ուժերի գերագույն հրամանատարը, Համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի (Մաջմա-է թաշխիս-է մասլահաթ-է նեզամ) հետ խորհրդակցելուց հետո սահմանում և վերահսկում է Իրանի Իսլամական Հանրապետության ընդհանուր պետական քաղաքականությունը:
Հոգևոր առաջնորդին է վերապահված նաև հանրաքվե անցկացնելու, պատերազմ հայտարարելու և զորահավաք կազմակերպելու իրավունքը:
Բացի դրանից՝ դատական իշխանության ղեկավարը, ԶՈՒ ԳՇ պետը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատարը, Ռադիո-հեռուստատեսության կազմակերպության նախագահը նշանակվում և ազատվում են հոգևոր առաջնորդի հրամանագրով:
Հավելենք, որ քաղաքացիների կողմից ընտրված նախագահի նշանակման վերաբերյալ հրամանագիրը նույնպես ստորագրում է հոգևոր առաջնորդը:

Հոգևոր առաջնորդի մահը կամ հրաժարականը
Առաջնորդի մահվան, հրաժարականի կամ նրան պաշտոնանկ անելու ժամանակ Փորձագետների խորհուրդը ներկայացնում է նոր առաջնորդին, իսկ մինչ այդ վերջինիս բոլոր պարտականություններն իրականացնում է ժամանակավոր խորհուրդը, որի կազմի մեջ մտնում են երկրի նախագահը, դատական իշխանության ղեկավարը և մեկական հոգևորական Սահմանադրության պահապան խորհրդից (Շոուրա-է նեգահբան) ու Համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովից։
Անդրադառնալով ԻԻՀ Սահմանադրությամբ հոգևոր առաջնորդին վերապահված լիազորություններին՝ պետք է փաստել, որ հաճախ դրանք գերագնահատվում են: Այնպիսի ընկալում կա, ասես երկրում ամեն ինչ հոգևոր առաջնորդն է միանձնյա որոշում, և այդ համատեքստում էլ Իրանի կառավարման համակարգը բնութագրվում է ըստ դասական քաղաքագիտական դասակարգումների, ինչն էլ սխալ պատկերացում է տալիս Իրանի պետական կառավարման համակարգի վերաբերյալ:
ԻԻՀ ներկայիս հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին 80 տարեկան է, 2014 թ. վիրահատվել է: Իրանի շուրջն առաջացող լարվածության ժամանակ նրա առողջական վիճակը հաճախ է իսրայելական, արաբական և արևմտյան մամուլում շահարկման առիթ հանդիսանում :
Անցնող տարիներին Ալի Խամենեիին հաջողվել է մեծացնել իր ազդեցությունն ինչպես Համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի, այնպես էլ Փորձագետների խորհրդի վրա: 2017 թ. Իսլամական հեղափոխության ազդեցիկ առաջնորդներից մեկի՝ նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի մահվանից հետո Խամենեիի դիրքը հոգևորական վերնախավի շրջանում ավելի ամրապնդվեց: Ռաֆսանջանին իր կենդանության օրոք տարբեր հարթակներում հանրային քննարկման էր ներկայացնում հոգևոր առաջնորդի փոխանորդի հարցը՝ ընդգծելով նրա ընտրության կարևորությունը, միևնույն ժամանակ որպես այլընտրանք առաջարկելով նաև Առաջնորդական խորհուրդ ձևավորելու անհրաժեշտությունը: Իրանական մամուլում ևս ժամանակ առ ժամանակ քննարկվում է այն հարցը, թե ո՞վ է փոխարինելու Ալի Խամենեիին: Այդ համատեքստում մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվում, որոնց թվում են Համակարգի նպատակահարմարությունը որոշող ժողովի նախագահ Սադեղ Արդեշիր Լարիջանին (ԻԻՀ Մեջլիսի խոսնակի եղբայրն է), նախքին նախագահ Էբրահիմ Ռայիսին (2017 թ. նախագահական ընտրություններին Հ. Ռոհանիի հիմնական մրցակիցն էր), Ալի Խամենեիի որդին՝ Սեյյեդ Մոջթաբա Խամենեին, ինչպես նաև բարձրաստիճան այլ հոգևորականներ:

Դատելով մինչ օրս տեղի ունեցած զարգացումներից՝ չի բացառվում, որ Խամենեիից հետո հոգևոր առաջնորդ ընտրվի այնպիսի հոգևորական, որի անունն ընդհանրապես չի էլ շրջանառվել:
Թե՛ նախկին նախագահներ Մոհամմադ Խաթամիի, թե՛ Մահմուդ Ահմադինեժադի, թե՛ Հասան Ռոհանիի, ինչպես նաև նախքին նախագահ Էբրահիմ Ռայիսիի ընտրությունն անակնկալ է եղել, այսինքն՝ այդ շրջանում ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում կատարված կանխատեսումներում վերոնշյալ գործիչներն ամենևին էլ ամենավարկանիշայինը չեն եղել:

 

Add new comment