Ինչ նպատակ են հետապնդում Հասանովի անցկացրած ծառայողական խորհրդակցությունները
Մայիսի 15-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի էր ունեցել ծառայողական խորհրդակցություն։
Ադրբեջանական մամուլում մշտապես ապատեղեկություններ են տարածվում, որոնք իրականում որևէ սադրանքի դիմելու նպատակ են հետապնդում։ Այս տարբերակով ադրբեջանական կողմը հող է նախապատրաստում ռազմական գործողությունների դիմելու համար։ Սա Ադրբեջանի կողմից մշակված ռազմավարություն է, որի արդյունքում ադրբեջանական կողմը դիմում է սադրանքների, ռազմական գործողությունների։
Ադրբեջանը՝ որպես ագրեսոր երկիր, «խաղաղության» մասին պատկերացումներում այլ իրականության հետ է առնչվում։ Հնարավոր չէ Ադրբեջանի հետ «խաղաղության» մասին խոսել, առավել ևս օրակարգում քննարկել։
Ծառայողական խորհրդակցությունից ընդամենը 2 օր անց ադրբեջանական կողմը դիմեց սադրանքի։
«Մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է Էդգար Վահանի Սուլեյմանյանը (2003 թ.)»,- հաղորդել է ՀՀ ՊՆ-ն։
Հիշեցնենք, որ ծառայողական խորհրդակցության ժամանակ Հասանովը հանձնարարականներ էր տվել, որ պետք է վճռական պատասխան տալ բոլոր տեսակի հարձակումերին, սադրանքներին․ սրանից կարելի էր ենթադրել, որ ադրբեջանական կողմը դիմելու էր սադրանքի։
Հեղինակ՝ Ասյա Գևորգյան
Add new comment