Submitted by detq-admin on
DETQ

Իրանը խոստանում է Աֆղանստանի նկատմամբ ճնշումներ գործադրել, եթե երկիրը չհամագործակցի ջրային իրավունքի հարցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է՝ եթե Աֆղանստանի իշխանություններն Իրանի հետ չհամագործակցեն Հիրմանդ գետի ջրից օգտվելու իրավունքն ապահովելու հարցում, իրանական կողմը ճնշման միջոցների կկիրառի։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։

«Եթե հարկ լինի, ճնշման միջոցներ կկիրառվեն Աֆղանստանի իշխանությունների այն հատվածի նկատմամբ, որը չի համագործակցում Իրանի հետ Հիրմանդ գետի ջրից օգտվելու հարցում»,- ասել է նա:

Հաղորդվում է, որ 1972 թվականին Իրանի և Աֆղանստանի իշխանությունների կողմից ստորագրված Հիրմանդի պայմանագրի համաձայն՝ Իրանի մասնաբաժինը Հիրմանդ գետի ջրից  կազմում է տարեկան 820 միլիոն խորանարդ մետր և մոտ 26 խորանարդ մետր վայրկյանում, ինչը տարբերվում է տարբեր ամիսների և եղանակների ժամանակ:

Աֆղանստանի նախորդ կառավարությունը, որը հավակնում էր ապահովել Իրանի ջրային իրավունքները՝ Նիմրուզ նահանգում Հիրմանդ գետի վրա կառուցելով Քամալ Խան ամբարտակը, գործնականում կանխեց այս պայմանագրի իրականացումը՝ դրանով մեծ վնաս հասցնելով Իրանին։

Ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Սիստան և Բալուչեստան նահանգներ կատարած այցելության ժամանակ ասել էր, որ Իրանը բնական իրավունք ունի օգտվելու Հիրմանդի ջրից, և երկիրը լրջորեն հետամուտ է լինելու այդ հարցին։

#Դետքի_հետագծով

Իրանի Իսլամական Հանրապետության համար չափազանց կարևոր նշանակություն ունի ջրային պաշարների օգտագործումը, որը երկրին անհրաժեշտ է մի շարք բնագավառներում։ Այս համատեքստում Աֆղանստանի հետ որոշակի խնդիրներ են առաջացել այն բանից հետո, երբ 2021 թվականին այդ երկրում իշխանության եկան «Թալիբան» շարժման ներկայացուցիչները։

Add new comment