Իրանն անընդունելի է համարում իր հետ կապերի համար Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալությունը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Ադրբեջանում Իրանի հետ կապ ունենալու անհիմն մեղադրանքով բազմաթիվ քաղաքացիների ձերբակալումն ու դատապարտումն անընդունելի են։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «ParsToday» լրատվական գործակալությունը։
Քանաանին հերքել է Ադրբեջանի անվտանգության ծառայության և դատախազության կողմից Իրանի դեմ ուղղված վերջին շղթայական մեղադրանքները և դատապարտել է դրանք։ Նա միևնույն ժամանակ մերժել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ այդ անձանց ցանկացած պաշտոնական և ոչ պաշտոնական կապի մասին անհիմն հայտարարությունը։
Իրանցի պաշտոնյան շեշտել է, որ երկու երկրների քաղաքացիների միջև կապերը զգացմունքային, պատմական, կրոնական և նույնիսկ ազգակցական են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունը չպետք է քաղաքացիների այս խոր պատմական կապերը դարձնի անվտանգային և այն վերագրի հարևաններին։
Իրանի ԱԳՆ խոսնակը նկատել է, որ օրինախախտ քաղաքացիների նկատմամբ քայլեր ձեռնարկելը բոլոր կառավարությունների բնական իրավունքն է։ «Սակայն Իրանի հետ կապ ունենալու անհիմն մեղադրանքով բազմաթիվ քաղաքացիների ձերբակալելն ու բանտարկելն անընդունելի են»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածության պայմաններում Ադրբեջանում պարբերաբար ձերբակալվում են այսպես կոչված իրանական գործակալական ցանցեր, որոնք, Բաքվի պնդմամբ, երկրի ներսում հակաադրբեջանական գործունեություն են ծավալում։ Այս գործելակերպը խորացավ հատկապես այս տարվա հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան նկատմամբ կատարված հարձակումից հետո, որն Ադրբեջանը որակում է որպես ահաբեկչություն, իսկ Իրանը բացառում է ահաբեկչության վարկածը՝ նշելով, որ հանցագործն ունեցել է անձնական դրդապատճառներ։
Add new comment