ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծում է, որ կազմակերպության անդամ երկրները բավականաչափ ուժ ունեն, որպեսզի չմասնատվեն
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ կազմակերպության անդամ երկրները բավականաչափ ուժ ունեն, որպեսզի չմասնատվեն։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բելառուսական «Բելտա» լրատվական գործակալությունը։
Տասմագամբետովը նկատել է, որ կազմակերպության անդամ երկրների համախմբվածության խնդիրն իրականում շատ լուրջ է։ Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում լարված է, և ՀԱՊԿ-ի պատասխանատվության ոլորտում, իհարկե, կան բազմաթիվ ճգնաժամային պահեր: «Դա Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խնդիրն է, և Ղրղզստանի ու Տաջիկստանի միջև սահմանի խնդիրը»,- նշել է նա։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ ճգնաժամային իրավիճակները կարգավորելու համար անհրաժեշտ են հենց քաղաքական գործիչների՝ պետությունների ղեկավարների ջանքերը։ Նա այս համատեքստում հիշեցրել է ղրղզա-տաջիկական սահմանին տիրող իրավիճակը, որտեղ այս երկրների նախագահները որոշել են սահմանի սահմանազատումն իրականացնել առանց երրորդ կողմերի միջնորդական ջանքերի:
«Մենք, անշուշտ, ողջունում ենք այդ ջանքերը և հուսով ենք, որ այդ խնդիրը կվերացվի»,- հայտարարել է նա։
Տասմագամբետովը նաև հույս է հայտնել, որ Հայաստանը և Ադրբեջանն ի վերջո խաղաղության պայմանագիր կստորագրեն։ «Մենք հուսով ենք, որ այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և երկրները հետագայում կսկսեն սահմանազատել սահմանները»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
ՀԱՊԿ անդամ երկրների միջև առկա են տարաձայնություններ, որոնք առավել հստակ դրսևորվեցին, երբ Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ-ի եզրափակիչ փաստաթուղթը ստորագրելուց, որում բացակայում էր Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի հասցեական դատապարտումը։ Միևնույն ժամանակ կազմակերպության անդամ երկրները փորձում են քայլեր ձեռնարկել, որպեսզի լուծեն առկա տարաձայնությունները և թույլ չտան, որ դրանք ավելի խորանան։
Add new comment