Ինչպես կարող է Հայաստանն ազդել թշնամական պետությունների ներքին տրամադրությունների վրա և անկայունացնել այնտեղ տիրող իրավիճակը
Պատերազմական կամ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող երկրների համար չափազանց կարևոր նշանակություն ունի իրենց թշնամական երկրներում տիրող ներքին իրավիճակի ու տրամադրությունների վրա ազդելու, իսկ հնարավորության դեպքում՝ այն անկայունացնելու հարցը։ Այս թեման ուսումնասիրելիս ակամայից հիշում ենք Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որում նա 2020 թվականի աշնանը խոստանում էր անկայունացնել Ադրբեջանի ներքին իրավիճակը, ինչպես նաև նպաստել, որ այնտեղ հեղափոխություն լինի։ Այս նպատակով Փաշինյանը հարցազրույց տվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը, որը սակայն եթեր չհեռարձակվեց, քանի որ այդ նույն օրը մեկնարկեց Արցախյան 44-օրյա պատերազմը։
Միևնույն ժամանակ կարծում ենք, որ այս հարցը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ ներկայիս իրողությունները փաստում են, որ նոր ռազմական գործողությունների վտանգը չափազանց մեծ է, ինչի մասին վկայում են այդ երկրի կողմից պարբերաբար Հայաստանի հետ սահմանին կատարվող սադրանքները։ Հետաքրքիր է, թե Հայաստանն ինչպիսի գործիքակազմով կարող է որոշ չափով լուծել այս խնդիրը։
Նախևառաջ մերօրյա իրականությունում առաջնային տեղ ունեն համացանցը, սոցիալական կայքերը և նմանատիպ այլ հարթակները։ Այս իրավիճակում Հայաստանում առկա են թուրքերենին և ադրբեջաներենին տիրապետող բավականին մեծ թվով անհատներ, որոնք համակարգված աշխատանքի պարագայում կարող են Հայաստանի Հանրապետության շահերից բխող տեղեկությունները վերոհիշյալ լեզուներով թարգմանել, պատրաստել տեսանյութեր և նմանատիպ այլ բովանդակություն, որը տարածելով թուրքական-ադրբեջանական հարթակներում՝ կարող են այնտեղ անհանգստություն, ինչպես նաև խուճապ առաջացնել։
Բացի դրանից՝ Ադրբեջանում գործում են բազմաթիվ հայալեզու լրատվամիջոցներ, որոնք այդ երկրի պետական քարոզչական դրույթները հայերեն հրապարակում են, և եթե քաղաքացին, մասնագետ չլինելով, ծանոթ չլինի այդ կայքերի գործունեությանը կամ չնկատի վերջիններիս ադրբեջանական դոմենը, ապա չափազանց մեծ է հավանականությունը, որ կարող է նման լրատվամիջոցներն ընկալել որպես հայկական հարթակներ և նպաստել թուրք-ադրբեջանական քարոզչական դրույթների տարածմանը։ Նման լրատվամիջոցները բավականին ակտիվ աշխատում էին Ապրիլյան և Արցախյան 44-օրյա պատերազմների ժամանակ՝ առաջ մղելով սեփական պետությանն անհրաժեշտ դրույթները։
Նկատենք, որ Ադրբեջանում հայալեզու և ապատեղեկություն տարածող նման հարթակները չափազանց շատ են, և մենք այս հրապարակման մեջ չենք հիշատակում դրանց անվանումները, որպեսզի վերջիններիս համար լրացուցիչ դիտումներ և հասանելիություն չապահովենք։ Սակայն այդ հարթակները մասնագիտական շրջանակներին հայտնի են, և որոշ փորձագետներ իրենց հնարավորությունների սահմաններում պայքարում են դրանց դեմ։ Այս տեսանկյունից Հայաստանը բավականին թույլ դիրքերում է և զգալիորեն զիջում է Ադրբեջանին։ Միևնույն ժամանակ կարծում ենք, որ Հայաստանն ունի այդ հնարավորությունը, որ գոնե այս հարցում գերազանցի Ադրբեջանին, իսկ հնարավորության դեպքում ազդի ներադրբեջանական տրամադրությունների ձևավորման վրա։
Սակայն վերոհիշյալ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է համախմբել այդ ունակություններն ունեցող անձանց, ինչպես նաև խնդիրը վերցնել պետության հսկողության և հովանավորության տակ։ «Դետք»-ի հետ զրույցում մի քաղտեխնոլոգ, որը տարիներ շարունակ զբաղվել է արդբեջանական ապատեղեկատվության և քարոզչական դրույթների դեմ պայքարի հարցով, անանուն մնալու պայմանով նշեց, որ նախքան 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունն այս խնդիրը եղել է նախկին իշխանությունների ուշադրության կենտրոնում, և մասնագետների մի ամբողջ թիմ հստակ աշխատանք է տարել այս ուղղությամբ։ Մեր աղբյուրը նաև շեշտեց, որ 2018 թվականից հետո այս ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվել, և ամեն բան թողնվել է ինքնահոսի։
Միևնույն ժամանակ թշնամական պետությունների ներքին տրամադրությունների վրա ազդելու հնարավորությունը ցանկանում ենք ներկայացնել երկու օրինակով՝ մեկը Թուրքիայի, իսկ մյուսը՝ Ադրբեջանի վերաբերյալ:
Հայտնի է, որ այս տարվա փետրվարին Թուրքիայում ավերիչ երկրաշարժեր տեղի ունեցան, որոնք պատճառ դարձան շուրջ 50 հազար մարդու մահվան, ինչպես նաև բազմաթիվ ավերածությունների։ Ստեղծված իրավիճակում չափազանց մեծ էր Թուրքիայի իշխանությունների նկատմամբ առկա դժգոհությունը, քանի որ վերջիններս չէին կարողանում կամ չէին ցանկանում գործել ճիշտ ժամանակին։ Այս պարագայում հնարավոր էր քարոզչական հոդվածների, տեսանյութերի և նմանատիպ այլ բովանդակության միջոցով տարածել, որ Թուրքիայի իշխանությունները միտումնավոր ձախողում են քրդաբնակ շրջանների բնակչությանն օգնություն տրամադրելու գործընթացը և կենտրոնացած են բացառապես այն շրջաններում, որտեղ բնակչության մեծամասնությունը կազմում են թուրքերը։ Այս ուղղությամբ պրոֆեսիոնալ աշխատանքը կարող էր առաջացնել Թուրքիայի քուրդ բնակչության մեծամասնության դժգոհությունը, քանի որ վերջիններս նույնպես բնակվում էին սեյսմակայուն տարածքներում, և այդ դժգոհությունն ուղղել Թուրքիայի իշխանություննների դեմ։ Ընդ որում՝ նկատենք, որ քրդաբնակ նահանգներին օգնության տրամադրումը հետաձգելու մասին տեղեկությունները հորինված չեն։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ լավագույն տարբերակը կարող է լինել այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնություններին Ալիևի ռեժիմի դեմ պայքարի հանելու հնարավորությունը։ Նման փորձ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արեց Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, երբ Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների լեզուներով պայքարի ուղերձ հրապարակեց, սակայն համընդհանուր անկազմակերպության պայմաններում դա որևէ արձագանք չունեցավ։
Add new comment