20-րդ դարի Ավարայրը՝ Սարդարապատի հերոսամարտ

20-րդ դարի Ավարայրը՝ Սարդարապատի հերոսամարտ

1918 թ. մայիսյան հերոսամարտերը մեր պատմության փառապանծ էջերից են: Դրանցով հայ ժողովուրդը նվաճեց ապրելու և հարատևելու իր իրավունքը: Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում կասեցնելով թուրքական բանակի հարձակումը` հայկական կանոնավոր զորքը և աշխարհազորը փրկեցին Արևելյան Հայաստանը վերջնական կործանումից: 

1918-ի մայիսի 21-27-ին տեղի են ունեցել հայ-թուրքական վճռական մարտեր, իսկ մայիսի 28-ին եղել է հիմնական ճակատամարտը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև։ Սարդարապատի հերոսամարտն անվանում են նաև «20-րդ դարի Ավարայր»։

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանի «Փաստաթղթի» ֆոնդում պահվում են Մայիսյան հերոսամարտերի մասնակիցների հուշերը: Դրանք շատ չեն՝ 10-ն են, որոնցում զետեղված նյութերն աչքի են ընկնում տեղեկությունների առատությամբ: Հուշերում բոլոր մասնակիցներն էլ վերահաստատում են գլխավոր իրադարձությունները. մասնավորապես`

1918 թ. թուրքերը, վերագրավելով Արևմտյան Հայաստանը, ներխուժեցին Արևելյան Հայաստան: Թուրքերին հաջողվեց գրավել Էրզրում ու Կարս բերդաքաղաքները և մայիսի 15-ին մտնել Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)։ Այստեղ թուրքական հրամանատարությունն իր զորքերը բաժանեց երկու խմբավորումների, և դրանցից առաջինը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ շարժվեց դեպի Երևան, իսկ մյուսը՝ դեպի Վանաձոր, հետագայում այս զորախումբը ևս բաժանվեց երկու մասի, և դրա մի մասը նույնպես շարժվեց Ապարանի ուղղությամբ, մյուս կեսը՝ դեպի Վանաձոր։

Հայաստանը հայտնվեց թուրքական աքցանի մեջ։ Երկրի պաշտպանության գործը ստանձնեց Երևանի նահանգի փաստացի ղեկավար Արամ Մանուկյանը։ Քանի որ ճակատամարտն օրհասական էր, և հայկական ուժերը քիչ էին, շտապ քայլեր էին ձեռնարկվում Երևանի պաշտպանությունը կազմակերպելու համար։ Շահխաթունին գրում է, որ ինքն ու Արամ Մանուկյանը թուրքական հարձակման առաջին օրը մեքենայով գնում են Էջմիածին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ին հանդիպելու և համոզելու, որպեսզի ժամանակավորապես հեռանա Էջմիածնից, մեկնի իր ամառանոց՝ Բյուրական։ Գևորգ Ե-ն մերժում է այդ առաջարկը:

«Գնացե՛ք, ասացե՛ք, որ Կաթողիկոսը այս սուրբ վայրից պիտի չհեռանա։ Ինչ որ իրեն ավանդ է տրված իր հայրերից, նա պարտավոր է պաշտպանել, եթե նույնիսկ հարկավոր լինի ընկնել այս Սուրբ Տաճարի մեջ։ Եթե հայ ժողովուրդը, հայ զինվորը չեն կարող պաշտպանել աստվածատուր և Միածնի Էջքով կրկնապես սրբացած այս սուրբ վայրը, ինքը առանձին կմնա՝ նրան պաշտպանելու համար»,- ասում է Ամենայն հայոց կաթողիկոսը։

Արամ Մանուկյանի հրահանգով երևանյան (Սարդարապատի) ուղղության հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի երևանյան դիվիզիայի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Մովսես Սիլիկյանը, վանաձորյան ուղղության զորքերը ղեկավարելու էր Հայկական կորպուսի հրամանատար, ռուսական բանակի գեներալ-մայոր Թովմաս Նազարբեկյանը։ Մայիսի 21-ին Ապարանի մոտ ձևավորված ռազմաճակատի հրամանատար նշանակվեց Հայկական կորպուսի ռազմական կոմիսար Դրաստամատ Կանայանը (Դրո)։

Հայ ժողովուրդը կարողացավ, անուամենայնիվ, միաբանելով հաղթել ու ապրել: Թուրքական զավթիչների դեմ պայքարի դուրս եկան Հայկական կորպուսի մարտիկները, աշխարհազորայինները, անգամ կանայք ու ծերունիները:

Հայրենիքի պաշտպանությունը համաժողովրդական բնույթ էր կրում: Ոտքի էր կանգնել ողջ հայ ժողովուրդը: Այս կենաց ու մահու կռվում իր արժանի տեղն ուներ նաև Թափադիպա (այժմ` Հայկավան) գյուղի բնակչությունը: Գյուղացիներին օգնության են գալիս լրացուցիչ ուժեր, որոնք, կռվելով Մոլլաբայազետի և Քյարիմարխի սահմանով, հասնում են Սարդարապատ և մասնակցում այնտեղ ընթացող մարտերին:

«...Երկար ժամանակ կռիվը չէր դադարում: Այղր լճի կողմից մեր հրանոթները կրակում էին: Մենք հաշվում էինք` 20-ից ավելի սնարյադ էր գալիս Սարդարապատի կայարանի թուրքերի վրա: Այղր լճի կողմից մեր զորքերը կայարանը վերցրին... Ուռաներով վազեցինք երկաթգիծ: Մեր տղաներից Արմենակ Զաքարյանը վիրավորվեց, իսկ ընդհանրապես վիրավորներ շատ եղան: Մենք երկաթգծի հետ գնում էինք դեպի Արաքս: Գրակոյի սարից թուրքերը զվոդներով իջնում և փախչում էին դեպի Քյավտառները... Թուրքերի կոտորածներին չափ չկար»,- պատմում են գյուղացիներն իրենց հուշերում:

 

 

Add new comment