Կորեան և Գերմանիան համաձայնագիր կստորագրեն գաղտնի ռազմական տեղեկատվության պաշտպանության մասին

Կորեան և Գերմանիան համաձայնագիր կստորագրեն գաղտնի ռազմական տեղեկատվության պաշտպանության մասին

Կորեայի Հանրապետությունը և Գերմանիան շուտով համաձայնագիր կկնքեն գաղտնի ռազմական տեղեկատվության պաշտպանության մասին՝ ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցությունը մեծացնելու նպատակով։ Այս մասին Սեուլում կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը, «Դետք»-ի հաղորդմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պայմանավորվեցինք, որ կարևոր է ընդլայնել համագործակցությունը պաշտպանության և ռազմարդյունաբերական համալիրի ոլորտներում։ Մենք շուտով համաձայնագիր կկնքենք գաղտնի ռազմական տեղեկատվության պաշտպանության վերաբերյալ և միասին կաշխատենք՝ ապահովելու ռազմական արդյունաբերության մատակարարման շղթաների կայուն գործունեությունը»,- հայտնել է Հարավային Կորեայի առաջնորդը։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությունն անվտանգության և տնտեսության, այդ թվում՝ առաջադեմ արդյունաբերության ոլորտներում։ «Կորեայի Հանրապետությունը և Գերմանիան երկկողմ կապերի երկար պատմություն ունեն, դարձել են միմյանց վստահելի գործընկերներ, որոնք համագործակցում են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ կառավարական, տնտեսական, սոցիալական և մշակութային»,- ասել է Յուն Սոկ Յոլը:

Հարավային Կորեայի առաջնորդը նշել է, որ երկու երկրներն էլ «Հանգանգ և Հռենոս գետերի հրաշքների» շնորհիվ հասել են տնտեսական բարգավաճման՝ չնայած «պատերազմի ու պառակտման ցավին»։ Յուն Սոկ Յոլը համաձայնվել է Գերմանիայի կանցլերի այն խոսքերի հետ, թե Ուկրաինայի իրադարձություններից հետո «աշխարհը նույնը չի լինելու»։

«Կորեայի Հանրապետության կառավարությունը, ձգտելով իրականացնել երկիրն առանցքային համաշխարհային պետության վերածելու ծրագիրը, քայլելու է փոփոխվող դարաշրջանին համընթաց»,- հավելել է նախագահը։

Հիշեցնենք, որ Շոլցը Կորեայի Հանրապետություն է ժամանել կիրակի՝ Հիրոսիմայում «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովից հետո։ Նա այցելել է Հյուսիսային Կորեայի հետ սահմանին ապառազմականացված գոտի և կոչ արել Փհենյանին դադարեցնել հրթիռների արձակումն ու միջուկային ծրագիրը։ Վերջին 30 տարվա ընթացքում սա Գերմանիայի կանցլերի առաջին այցն է Կորեական թերակղզու հարավ՝ երկկողմ միջոցառումների շրջանակում։

Add new comment