Արաբական գարունը Եմենում

Արաբական գարունը Եմենում

Արաբական գարունը Եմենում

Ժամանակագրորեն Եմենում սոցիալ-քաղաքական հուժկու ցնցումները սկսվեցին Եգիպտոսում 2011թ. հունվարին մեկնարկած հակակառավարական բողոքի ցույցերին զուգընթաց, որի շարժառիթը Սանայում 2011թ. հունվարի 18-ին Ֆահր Ալ-Ազզաբի ինքնաhրկիզման փորձն էր: Ցուցարարներն առաջ քաշեցին Եմենի նախագահ Աբդալլահ Սալիհի հրաժարականի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների եւ սոցիալական բազմաթիվ խնդիրների լուծման պահանջներ: Համաարաբական ըմբոստության ճիրաններում հայտնված արաբական երկրների շարքերում Եմենը յուրահատուկ տեղ է զբաղեցնում: Եմենն արաբական այն երկրներից է, որտեղ պետական ինստիտուտների կողքին իրենց ազդեցիկ դերակատարությունն ունեն տեղի նահապետական կարգերին հետեւող արաբական ցեղերն ու ցեղային տարբեր միությունները: « Արաբական գարնան» կողմից առաջ քաշված ազատական- ժողովրդավարական առաջադեմ գաղափարները, որոնք միտված էին նպաստելու պետական եւ հասարակական համակարգերի արդիականացմանը, Եմենում պետք է դրսեւորվեին ցեղային ժողովրդավարությամբ: Եմենում արաբական գարնան նախօրեին տիրող իրավիճակը հասկանալու համար անհրաժեշտ է անդրադառնալ մի քանի կարեւոր հանգամանքների: Եմենում 20-րդ դարի առաջին կեսին քաղաքական առավել ակտիվ գործընթացները ծավալվել են երկրի հյուսիսում: 1918թ. Եմենի միապետությունն անկախացավ Օսմանյան կայսրությունից եւ ստացավ Եմենի մութավաքիլիական անվանումը, այն կառավարվում էր զեյդիական Համիդ ադ-Դին ընտանիքի կողմից: Հետագայում ՝ 1962թ. սեպտ. 26-ին Հյուսիսային Եմենում տեղի ունեցավ « Ազատ սպաների» զինված հեղաշրջումը, որի արդյունքում իշխանության եկան հանրապետության կողմնակիցները: Հեղափոխության առաջնորդ Աբդալլահ Սալլալը դարձավ պետության նախագահ: Հանրապետականները հռչակեցին Եմենի Արաբական Հանրապետությունը, իսկ Եմենի հարավային հատվածը իր անկախությունը Մեծ Բրիտանիայից ստացավ միայն 1967թ.: Այս երկու հատվածների միջեւ տասնամյակներ շարունակ պահպանվում էին բարդ հարաբերությունները: 1978թ. Ալի Աբդալլահ Սալիհը ընտրվեց ԵԱՀ նախագահ, իսկ 1990թ.-ից նաեւ միավորված Եմենի: 1990- ականներին Աբդալլահ Սալիհի եւ զեյդիական ցեղային առաջնորդ Սադիկ Ալ-Ահմարի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց, համաձայն որի Սալիհի նախագահական լիազորությունների ավարտվելուն պես պաշտոնը պետք է զբաղեցներ դարձյալ Հաշիդ ցեղային միության ներկայացուցիչ գեներալ Մոհսեն Ալ- Ահմարը: Վերջինս Եմենի կանոնավոր զորքերի ամենամարտունակ խմբավորման՝ զրահատանկային դիվիզիայի հրամանատարն էր եւ Սալիհի խորթ եղբայրը: Սակայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Սալիհը պատրաստվում է դրժել պայմանավորվածությունը եւ նախագահությունը փոխանցել որդուն՝ Ահմադին, Ալ-

Ահմարը Աբդալլահ Սալիհի հետ առճակատման գնաց: Այդպիսով, երկրի հյուսիսում տեւական ժամանակ հարաբերական կայունությամբ աչքի ընկնող եմենական իշխող վերնախավի շարքերը պառակտվեցին:

Սաուդյան Արաբիան, որը պարբերաբար ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Սալիհին, Հաշիդ ցեղային միության շարքերում առաջացած պառակտության արդյունքում որոշեց ժամանակավոր կասեցնել տրամադրվող ֆինանսական օգնությունը: Այս հանգամանքն օգտագործեց Կատարը իր ազդեցությունը ներեմենական գործընթացներում ակտիվացնելու համար: Փորձագետների մի մասը կարծում է, որ արաբական գարնան արդյունքում Եմենում սկսված հակակառավարական պայքարում առկա էր Դոհայի ֆինանսական հետքը: Կատարը նպատակ ուներ դառնալ միջազգային լուրջ գործոն եւ տարածաշրջանային ազդեցիկ պետություն: Հատկանշական է նաեւ, որ Եմենի նորագույն պատմության շրջանում, որպես կանոն, իշխանության մաս են կազմել շիա իսլամի զեյդիական ուղղության ներկայացուցիչները, որոնց թվում էր նաեւ Աբդալլահ Սալիհը: Եմենում Զեյդիների եւ սուննիների միջեւ, որոնք հիմնականում պատկանում են սուննի շաֆիայական մազհաբին, մշտական մրցակցություն գոյություն ուներ: Երկրում առկա կրոնադավանական եւ ցեղային երկփեղկվածությունը ավելի էր բարդացնում ներքաղաքական իրադրությունը, մանավանդ այն պարագայում, երբ Եմենում բախվում էին նաեւ Սաուդյան Արբիայի եւ Իրանի տարածաշրջանային հետաքրքրությունները: Այսպիսով Եմենում 2011թ. հունվարին սկսված զանգվածային ելույթներն էլ ավելի սրեցին արդեն իսկ գոյություն ունեցող հակասությունները: Փետրվարի 2-ին Եմենի մի քանի քաղաքներում՝ Թաիզում, Սանայում, Ադենում, ալ- Հոդեյդայում, Իբբայում միաժամանակ տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր: Փետրվարի 26-ին եմենական Հաշիդ ցեղային միության առաջնորդ Սադիկ Ալ- Ահմարը հայտարարեց, որ անցնում է ընդդիմության կողմը, նույն կերպ վարվեց նաեւ գեներալ Մոհսեն Ալ-Ահմարը: Փորձելով շեղել ընդդդիմության ուշադրությունը ներքաղաքական խնդիրներից՝ Սալիհը մարտի 1-ի իր ելույթում մեղադրեց ԱՄՆ-ին եւ Իսրայելին արաբական երկրներում եւ Եմենում տեղի ունեցող անկարգությունների կազմակերպման մեջ: Ի պատասխան մարտի 18-ին մայրաքաղաքում կազմակերպվեց «Արժանապատվության ուրբաթ», որի ժամանակ տեղի ունեցան բախումներ իշխանությունների հետ: Մարտի 22-ին նախագահ Սալիհը հայտարարեց, որ հեռանում է իշխանությունից եւ այն հանձնում Զինվորական խորհրդին: Այս պայմաններում խնդրին կրկին միջամտեցին Ծոցի երկրները. Ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի շրջանակներում ստեղծվեց հատուկ հանձնաժողով, վերջինս մշակեց մի համաձայնագիր, որի հիմքում ազգային երկխոսության հարթակի ստեղծման գաղափարն էր: Ըստ այդմ՝ իշխանությունից Սալիհի հեռանալուց 7 օր անց եմենական ընդդիմությունը պետք է ձեւավորեր հանդուրժողականության վրա հիմնված ժամանակավոր կառավարություւն: Սալիհի եւ նրա ընտանիքի համար սահմանվում էր անձեռնմխելիություն: Մայիսի 23-ին Սալիհի հրամանով եմենական ոստիկանական ուժերը շրջապատեցին Սադիկ Ալ- Ահմարի տունը՝ փորձելով վերջինիս ձերբակալել, սակայն Ահմարի անվտանգության ուժերը զինված դիմադրություն ցույց տվեցին: Այս ամենը վերաճեց ռազմական գործողությունների, որոնց արդյունքում Սանան բաժանվեց մի քանի հատվածի. Սալիհը վերահսկում էր քաղաքի հարավային հատվածը, Ալ-Ահմարը արեւմտյան մասը, իսկ հյուսիսայինը՝ Մոհսենին: 2011թ. հունիսի 3-ին հրետանակոծվեց նախագահական նստավայրի տարածքում գտնվող մզկիթը, Սալիհը ծանր վիրավորվեց եւ տեղափոխվեց Սաուդյան Արաբիա: Սալիհի հեռանալուց հետո անցումային շրջանի նախագահի պարտականությունները դրվեցին փոխնախագահ Աբդրաբբո Մանսուր Հադիի վրա: Հադիին մասամբ հաջողվեց մինչեւ 2011թ. սեպտեմբերը ճնշել երկրի տարբեր հատվածներում որոշ խմբավորումների միջեւ սկսված ռազմական բախումները: Սեպտեմբերի 23-ին Սալիհը վերադարձավ Եմեն, որից հետո ռազմական գործողությունները վերսկսեցին: Արդեն նոյեմբերին Էռ- Ռիյադում սաուդական թագավորի մասնակցությամբ Սալիհը ստորագրեց ԾԱԵՀԽ-ի կողմից առաջադրված նախագահական լիազորությունները վայր դնելու մասին համաձայնագիրը: 2012թ. փետրվարի 21-ին Եմենում կայացան արտահերթ նախագահական ընտրություններ, որին մասնակցեցին գրանցված ընտրողների շուրջ 64,7 %-ը: Հադին նախագահի միակ թեկնածուն էր, նրա ընտրվելուց հետո երկրում բացվեց, այսպես կոչված, Համընդհանուր ազգային երկխոսություն հարթակը, որը պետք է մշակեր նոր սահմանադրության նախագիծ:

Չնայած այն հանգամանքին, որ Սալիհը հրաժարական տվեց, եւ թվում էր, թե արաբական գարունը Եմենում հանգեցրեց սպասված արդյունքի՝ իրականում Եմենը թեւակոխեց վայրիվերումների մի նոր շրջան, որը վերաճեց տեւական ճգնաժամի: Հադին ազդեցիկ քաղաքական գործիչ չէր եւ չկարողացավ հակազդել Ալ-Ահմարներին: Վերջիններս շուտով իշխանությունը կենտրոնացրին իրենց ձեռքում: Մյուս կողմից էլ Սալիհը չէր հեռացել երկրից եւ շարունակում էր ղեկավարել ամենահզոր քաղաքական միավորը՝ «Եմենի համընդհանուր ժողովրդական կոնգրեսը»: Այն, Հադիի պնդմամբ, խոչընդոտում էր երկրում բարեփոխումների անցկացմանը: Պետք է փաստել նաեւ, որ Սալիհի նախագահական լիազորությունները վայր դնելուց 3 տարի անց էլ չհաջողվեց լուծել երկրում առկա խնդիրները, չմշակվեց երկրի նոր սահմանադրության նախագիծը, չկարգավորվեց Հարավային Եմենի կարգավիճակի հարցը, այս ամենին գումարվում էին նաեւ սոցիալական խնդիրները, որոնք միշտ էլ Եմենում օրակարգային էին:

Իրավիճակի հերթական սրումը տեղի ունեցավ 2015թ. հունվարի 17-ին, երբ հութիները ձերբակալեցին նախագահական վարչակազմի ղեկավար Ահմեդ բին Մուբարաքին; Նախագահ Հադին փախավ Ադեն, իսկ հետո Էռ-Ռիյադ: Անցումային շրջանում հութիները սկսեցին ակտիվորեն համագործակցել նախկին նախագահ Սալիհի հետ: Նրանք ռազմական գործողություններ ծավալեցին մի կողմից Ալ- Ահմարների , մյուս կողմից՝ ալ-Կաիդայի դեմ: Ստեղծված պայմաններում, երբ հութիները գրավել էին Սանայի մեծ մասը, այդ թվում՝ պետական առանցքային կառույցները, 2015թ. մարտի 23-ին Եմենի արտգործնախարարությունը պաշտոնապես դիմեց ԾԱԵՀԽ-ին՝ Եմեն միասնական զորքեր մտցնելու խնդրանքով: Սկսվեց « Վճռորոշության փոթորիկ» գործողությունը, որով ԱՄԷ-ն, Քուվեյթը, Կատարը եւ Եգիպտոսը օդային հարվածներ հասցրին Իրանի կողմից հովանավորություն ունեցող հութիների դիրքերին: Օտար միջամտությունը, որը ուղեկցվեց ռազմական գործողություններով, Եմենին հասցրեց մեծագույն վնաս թե՛ նյութական եւ թե՛ մարդկային առումներով: Եմենի զարգացումը նահանջեց:

 

 

Add new comment