Իրանի ռազմածովային ուժերը նավատորմ կուղարկեն Անտարկտիդա
Իրանի Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը մոտ ապագայում նավատորմ կուղարկեն Անտարկտիդա։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական «Tasnim» լրատվական գործակալությունը։
Հաղորդվում է, որ իրանական ռազմանավերն Անտարկտիդա ուղարկելը 86-րդ նավատորմի իրականացրած վերջին առաքելության հիմնական նպատակներից մեկն է։
86-րդ նավատորմը, որը պաշտոնապես գերազանցել է միջազգային ջրերում իրանական նավատորմի նավարկության հեռավորության ռեկորդը, իր առաքելության ընթացքում նավարկել է Մագելանի նեղուցով: Այս ճանապարհորդության հիմնական նպատակը «Dena» կործանիչի պողպատե կորպուսի ամրության փորձարկումն էր։
«Dena»-ն «Mowj» դասի ռազմանավ է, որը մտել է Իրանի ռազմածովային ուժերի կազմի մեջ 2021 թվականի հունիսին։ Ռազմական նավը հագեցած է հականավային թևավոր հրթիռներով, տորպեդներով և ծովային թնդանոթներով։
#Դետքի_հետագծով
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես փորձում է մեծացնել իր աշխարհաքաղաքական դերը և այս նպատակով հստակ քայլեր է ձեռնարկում։ Նման քայլերից մեկն անշուշտ Անտարկտիդա նավատորմ ուղարկելն է, որով նաև Թեհրանը փորձում է հակակշռել իր հակառակորդներին, որոնք նույնպես ներկայություն ունեն այդ մայրցամաքում։
Add new comment